Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը

Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը մի քանի հարյուր ուկրաինական անօդաչու թռչող սարք զանգվածային հարձակում է իրականացրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ուղղությամբ։ Տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Վնասվել են չորս ձեռնարկություն և 21 բնակելի շենք, այդ թվում՝ բազմաբնակարան շենքեր։


Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նույն գիշեր ուկրաինական պաշտպանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի ուղղությամբ։


«Այս գիշեր մեր պաշտպանական ուժերը եզակի գործողություն են իրականացրել Նովոռոսիյսկի ռազմածովային բազայում՝ Սև ծովում ռուսական նավատորմի վերջին հիմնական հենակետում, որը գտնվում է առաջնագծից ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա»,– գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։


Նրա խոսքով՝ գործողության ընթացքում կիրառվել են «Պալյանիցա» տեսակի անօդաչու սարքեր, «Նեպտուն» հրթիռներ և ռազմածովային անօդաչու համակարգեր։


Զելենսկին հայտնել է, որ հաստատվել են Ռուսաստանի ՀՕՊ դիրքերի, նավահանգստի և նավահանգստային ենթակառուցվածքների ուղղությամբ հասցված հարվածները։


Reuters-ի հաղորդմամբ՝ ուկրաինական անօդաչու սարքի հարվածից հետո Նովոռոսիյսկի հացահատիկի տերմինալը դադարեցրել է աշխատանքը։ Նավահանգիստը Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի՝ որպես Սև ծովով հացահատիկի արտահանման խոշոր հանգույց։


Ռուսական և ուկրաինական կողմերի հայտարարությունները հարձակման հետևանքների վերաբերյալ էապես տարբերվում են, իսկ ռազմական օբյեկտներին հասցված վնասների ամբողջական ծավալը դեռևս անկախ աղբյուրներով հաստատված չէ։