Շփոթմո՞ւնք, մտածված ընտրությո՞ւն, թե «պռա՞նկ»՝ (չարաճճիություն, կատակ, շուլուխ)։ Խորհրդարանական անցուդարձին հետևողների մոտ այսօրինակ հարցադրումներ ի հայտ եկան այն բանից հետո, երբ ԱԺ մշտական հանձնաժողովների ընտրության ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրեց մասնավորապես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, իսկ «Հայաստան» խմբակցությունը, ուշադրություն՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի։ Պրոռուսական այս երկու խմբակցությունները, թվում է, հետամուտ լինելով հյուսիսից այս օրերին ՀՀ ներթափանցած «թրենդային» քամուն՝ «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ», պետք է հանձնաժողովների ընտրության հենց առաջին փուլում կռիվ տային, ՔՊ-ի ձեռքից խլեին, միմյանց ձեռքից էլ խլխլեին հատկապես այն հանձնաժողովը, որի անվանումն ասոցացվում է նախընտրական շրջանում իրենց համար դոշ տված, իր հուժկու աջակցությունը հայտնած երկրի՝ ՌԴ-ի հետ։ Երկիր, որը ճարտարապետն է Եվրասիական տնտեսական միություն կոչվող կառույցի, որի, ինչպես նաև տարածաշրջանային երկրների հետ կապերն էլ՝ օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում և այլն, հիշյալ հանձնաժողովի գործունեության ոլորտն են։ «Ուժեղները», փաստորեն, չարենցյան ոճով՝ թողած ԵԱՏՄ-ն ու Կարինե Քոթանջյանին, ներողություն՝ ԵԱՏՄ-ն նախագահող երկրի վարչապետին, «կուրս» են վերցնում դեպի եվրոպական ինտեգրացիա։ Հարց է ծագում՝ այդ հանձնաժողովն են վերցնում, որ ի՞նչ անեն, արդյոք տորպեդահարե՞ն Հայաստանի եվրաինտեգրացիան՝ Հայաստանի տակից դավադրաբար փախցնելով աթոռը, թե՞ էլ ավելի փափկեցնեն ու հարմարավետ դարձնեն հիշյալ աթոռի նստատեղը։ Ի դեպ, աթոռ ասացինք, հիշեցինք՝ ՌԴ-ն է իր տարբեր պաշտոնյաների շուրթերով 7/24, «նոն ստոպ» ռեժիմով աղաղակում, թե Հայաստանը չի կարող միաժամանակ նստել երկու աթոռի և պետք է հանրաքվե անի ու կողմնորոշվի աթոռների հարցում՝ ԵԱՏՄ, թե՞, «վսյո տակի» ԵՄ։ Եվ մինչ հյուսիսից նման վերջնագրեր են ներկայացվում, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ սառը ցնցուղի է ենթարկել նույն այդ հյուսիսին՝ ազդարարելով՝ նախկինում պասիվ աշխատած այս հանձնաժողովի նախագահությունը ստանձնելով ակտիվացնելու են դրա աշխատանքները։ «Նաև մեր հանրությանն ենք ցույց տալու, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերենք։ Ինչ ա նշանակում դիվերսիֆիկացիա՝ իրապես Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։ Ակտիվ աշխատացնելու ենք, որ ժողովուրդն էլ տեսնի, որ իրենց ասած էն՝ մենք մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, դա սխալ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա մի քանի գործընկեր, որ տնտեսությունը կայուն լինի։ Այդ իսկ պատճառով դուք կտեսնեք, թե ինչ տեմպով ենք մենք աշխատացնելու»։ Նարեկ Կարապետյանը չի բավարարվել այսքանով ու եվրաինտեգրացիայի մոլի ակտիվիստի կերպարի մեջ մտնելով՝ էլ ավելի է «սառեցրել ցնցուղը». «Մենք անունը դնում ենք երկիրը դեպի եվրոպամետ ուղղություն, բան, բայց առևտրաշրջանառությունը տասնյակ անգամներ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ, ինստիտուտներն էլ՝ Եվրոպան ինչ լավ ինստիտուտներ ունի, դա չենք վերցնում։ Մենք վերցնում ենք միայն անունը, բրենդը, մարկետինգը, բայց չենք վերցնում կարևոր բանը, օրինակ՝ դատական իշխանության անկախությունը, որը Եվրոպան կարող էր տալ, քաղաքացիական հասարակության պաշտպանությունը, ձևավորումը»։
Նարեկ Կարապետյանի այս մտակառույցները ստիպեցին վերհիշել «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմիհայտնի դրվագը՝ «Բոժե մոյ, կակոյ տիպաժ, բրավո, բրավո... Սլուշայտե, յա նե ուզնայու վաս վ գրիմե»։
Ենթադրում ենք, նրա ճեպազրույցին հետևելուց հետո Կրեմլում գոռացել
են՝ «պալո՜ւնդրա», «պազո՜ռ»։ Մարիա Զախարովան
էլ երևի հիշյալ ֆիլմի հերոսի՝ Իվան Գռոզնու էնտուզիազմով մղկտացել է՝ «գորե մնե, գորե
մնե, Նարեկ, տի վ սվայո՞մ ումե»։ Ասել կուզի՝ մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ձեզ
մտցնենք քաղաքական խաղի մեջ, խախտելով դիվանագիտական խորհրդապահությունը՝ սատարենք,
ձեռքներիցս եկածն անենք ձեր ընտրվելն ապահովելու համար, որպեսզի Հայաստանին «դարձի
բերենք» եվրաինտեգրացիայից, դուք գնաք ԱԺ ու
Նիկոլ Փաշինյանից է՛լ ավելի եվրոպասե՞ր դառնաք։ Մենք էստեղ շանտաժի ժանրին դիմենք՝
ՀՀ վարչապետին «տուպիկի» առաջ դնելու, Հայաստանին՝ երկրորդ Ուկրաինա դառնալու հեռանկարով
վախեցնելու ու այսպիսով ՀՀ-ԵՄ ապահարզանին հասնելու համար, դուք էդտեղ սեպարատիստական
խաղե՞ր տաք։ Փոխանակ մեզ ձայնակցեք՝ բալալայկան
ու գարմոշկան խոդի տալով, «Հավերժ ԵԱՏՄ-ի» հետ ռոմանսը քոքելով՝ կլառնետ- ֆլեյտան առել, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման, առևտրի աճի,
եվրոպական ֆլան-ֆստանի լոբբինգո՞վ եք զբաղվում։ «Պռատեստո՛ւեմ»։ (Ի նշան «ուժեղների»
այս վարքագծի՝ հարվածներ սեղանին)։ Ի դեպ, այս ժեստը՝ ի նշան բողոքի և կամ համաձայնության
հարվածել սեղանին, հնարք, որը 9-րդ գումարման ԱԺ ներդրվեց խորհրդարանական օպոզիցիայի՝
մասնավորապես «Ուժեղ Հայաստան»-ի կողմից, ընդունված է եվրոպական մի շարք երկրներում,
մասնավորապես նաև Եվրոպական խորհրդարանում։ Այնպես որ, եվրոպական ինտեգրացիայի առաջին
քայլը «ուժեղների» կողմից կարելի է կատարված համարել։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը.
ինչ-որ բան մեզ հուշում է, որ այսօր երեկոյան Նարեկ Կարապետյանը կամ նրա հորեղբայրը
անցանկալի զանգ են ստանալու ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, որով բողոքի նոտա է հղվելու Կարապետյանների
այսպիսի անսպասելի՝ աշխարհաքաղաքական շրջադարձի համար՝ դրանից բխող հետևանքներով:
Մինչ այդ, սակայն, եկեք
անդրադառնանք «Հայաստան» դաշինքի հանձնաժողովային ոդիսականին։ Երբ իմացանք, որ Քոչարյանի փաստացի ղեկավարմամբ այս դաշինքն է հավակնում ստանձնել մարդու իրավունքների
հանձնաժողովի նախագահությունը, անկեղծ ասած՝ մեզ Մարիա Զախարովայի վիճակում զգացինք՝
ցանկանալով Իվան Գռոզնու պես անզուսպ աղաղակել՝ «գորե նամ, գորե նամ»․․․ Հիշյալ հանձնաժողովի գործունեության ոլորտը, հիշեցնենք, առնչվում
է մարդու իրավունքների
պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը,
ազգային փոքրամասնություններին, փաստաբանությանը, հասարակական կազմակերպություններին
և այդ ոլորտները կարգավորող օրենքներին։ Իր նախագահության շրջանում
մարդու իրավունքները, ներողություն կոպիտ համեմատության համար, «պոլի շոր» սարքած ու
դրանց վրայով խրոխտ քայլած Քոչարյանի խմբակցությունը՝ փաստորեն, մարդու իրավունքների պաշտպան։ Այն Քոչարյանի, որի
օրոք բազում քաղաքական սպանություններ են տեղի ունեցել՝ մարդ է սպանվել հայտնի սրճարաններից
մեկի զուգարանում «անզգույշ քաշքշվելու» պատճառով, «Մարտի 1» է տեղի ունեցել, այժմյան
Հյուսիսային պողոտայից վռնդվել ու տնանկ են դարձել բազմաթիվ քաղաքացիներ, խախտվել է
նրանց սեփականության իրավունքը։ Այն Քոչարյանի, որի օրոք «ընտրություններ» օպերացիայի անվան ներքո տեղի է
ունեցել ընտրական իրավունքի՝ իշխանություն
ձևավորելու ժողովրդի կամքի անողոք բռնաբարում՝ քվեարկության պատկերը խեղելու, ապաև՝
հետընտրական բողոքի գործողությունները դուբինկաների ու ջրցանների միջոցով խեղդելու
ու նախագահի աթոռը ուզուրպացնելու ելքով։ Ի դեպ, Մարդու իրավունքների և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահի պոտենցիալ հավակնորդ Ագնեսա Խամոյանը անցած մի քանի
օրերին խորհրդարանի ամբիոնից կուրծք էր ծեծում գործող իշխանության օրոք արձանագրված
իրավունքի խախտումների մասին, «լացում» էր
մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դարդը, գործիչ, որի քաղաքական ճաշակը,
ինչպես օրերս հայտարարեց՝ երբեք չի կիսել, աղաղակում էր ԲՀԿ-ից գողացված մանդատների,
այդ կուսակցության առաջնորդին էլ բարոյապես ոչնչացնելու դրվագների մասին։ Ագնեսա Խամոյանը,
ինչպես գիտենք, նախքան պատգամավոր դառնալը եղել է լրագրող ու, ենթադրում ենք, տեղյակ
է իր փաստացի ղեկավարի օրոք տեղի ունեցած՝ իրավունքի խախտման վայրենի դրսևորումների
մասին։ Անկեղծ ասած, մեզ տհաճություն է պատճառում դրանց մասին անընդհատ հիշելն ու հիշեցնելը։
Պարզապես, երբ տիկին Խամոյանն է խոսում իրավունքից, խախտումներից, բարոյապես ոչնչացնելուց,
ակամա հարց է ծագում՝ արդյոք բարոյապես ճի՞շտ է լինել մի խմբակցության անդամ, որի փաստացի
ղեկավարի նախագահության տարիները ասոցացվում են իրավունքի զանգվածային խախտումների
հետ, ու ճամարտակել իրավունքի, ազատությունների, հետապնդումների թեմայով՝ առանց նեղություն
կրելու և իր քաղաքական պատրոնի օրոք տեղի ունեցածի համար ներողություն խնդրելու։ Խամոյանի
ու մյուս հայաստանականների ներողության ուշացման պատճառը թերևս այն է, որ նրանք կիսել
ու շարունակում են կիսել Ռոբերտ Քոչարյանի իրավաքաղաքական ճաշակը։
Հուսանք՝ հիշյալ հանձնաժողովի նախագահությունը ստանձնելուց հետո
դրա նախագահի առաջին ելույթը նվիրված կլինի երկրորդ, ինչու չէ՝ նրա իրավահաջորդ երրորդ
նախագահի օրոք արձանագրված զարհուրելի խախտումները թեկուզ ուշացումով, բայց խստիվ, անվերապահորեն դատապարտելուն, դրանց համար
իրավական պատասխանատվություն կրելու հարցը բարձրացնելուն («գորե նամ» դեմքի արտահայտությամբ),
որը, ինչու չէ, կարող է ուղեկցվել «երաժշտական» ականջացունց կատարմամբ՝ սեղանին դմփդմփացնելով։
Հեղինե Մանուկյան