Եթե Էդգար Ղազարյանի արածը սրիկայություն չէ, ապա ի՞նչ է

«Ուժեղ Հայաստան»  խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի՝ իր ելույթում գործածած բնորոշումը՝ «սրիկայաբար», խախտել է խորհրդարանի անդորրը, բարեկրթության կարմիր գծերը չհատելու՝ կառավարող ուժի և ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Հիշեցնենք, թե ինչ էր հայտարարել Էդգար Ղազարյանը, որն էլ դարձավ կոռեկտության խախտման «կազուս բելի»-ն։

 

«Երբ հարցնում են պատգամավորին (ՔՊ խմբակցության անդամ Գարիկ Սարգսյանին)՝ քեռին ոնց ա, նա ուրախությամբ պատասխանում է՝ փառք Աստծո, լավ ա քեռին։ Բայց իմ քեռին չի կարա լավ լինի, որովհետև նրա անվանակից թոռնիկը Աղաջան Ջանոյանը․․․զոհվել է պատերազմում։ ․․․Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»։

 

44-օրյա պատերազմում զոհված իր հարազատի ցավը սգացող, կսկծացող Էդգար Ղազարյանն այն նույն Էդգար Ղազարյանն է, որը, հիշեցնենք, մեկ այլ սկանդալային  հայտարարության հեղինակ է։  Այդ նույն Ղազարյանը կամենում է Տավուշի մարզում ականազերծում իրականացրած հայ սակրավորների մահը։ «Արդեն երկրորդ դեպքն է, որ հայ սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա ՀՀ ինքնիշխան տարածքում: Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին: Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը»։

 

Ինչն է զարմանալին ու զարհուրելին՝ իր այդ՝ հայ սակրավորների մահն ուզելու վերաբերյալ հայտարարության համար Ղազարյանը մինչև օրս ներողություն չի խնդրել՝ գիտակցաբար, անխղճաբար, անամոթաբար, գուցե նաև սրիկայաբա՞ր, թեև նորընտիր ԱԺ-ի նախորդ նիստերում քանիցս բարձրացվել է Ղազարյանի  բարոյական պատասխանատվության հարցը՝ ներողության տեսքով։ Մենք, համոզված ենք նաև ԱԺ-ում աշխատող բոլոր պատգամավորները, անխոս, կիսում ենք Էդգար Ղազարյանի կորստյան վիշտն ու սգում հանուն հայրենիքի նահատակված բոլոր հայորդիների կորուստը՝ անկախ նրանից, թե ում քեռու թոռը, հայրը, որդին, կամ բարեկամն են եղել նրանք։ Միաժամանակ կիսում ենք բոլոր սակրավորների, նրանց ընտանիքի անդամների, հարազատների ապրումները, որոնք նրանք ունեցել են Ղազարյան անձի վերոհիշյալ ցինիկ հայտարարության պատճառով։ Իր հարազատի՝ քեռու թոռան մահը սգացող Ղազարյանը, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս,  ցինիկ լինելուց զատ նաև բարոյական աղճատված արժեհամակարգ ունի, այլապես սգալով իր կորուստը, չէր բաղձի, որ սուգն ու վիշտը, ցավն ու կսկիծը, ողբերգությունն այցելեն նաև բազմաթիվ այլ հայ ընտանիքներ՝ զոհվեն այդ ընտանիքների անդամներ հանդիսացող սակրավորները։ Փաստորեն, չորս երեխայի հայր Ղազարյանն ունակ է միայն իր հարազատի ցավը սգալ, իսկ այլոց ցավին նա անհաղորդ է, ավելին, կամենում է, որ նրանց ևս այցելի վիշտը։ Եթե սա  աղաղակող սրիկայության ապացույց չէ, ապա ի՞նչ է։