Եվրաինտեգրման հանձնաժողովը փրկվե՞ց «Ուժեղ Հայաստան»-ից․ Աստված բարեգութ գտնվեց ու արդարացրեց Հովսեփյանի հույսը

Եվ այսպես, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված՝ ԱԺ երեք մշտական  հանձնաժողովների թեկնածուներին՝ Դավիթ Ղազինյանին, Հայկ Ֆարմանյանին եւ Արեգա Հովսեփյանին։


Առաջին երկուսը չգիտենք՝ հույսեր փայփայու՞մ էին իրենց չընտրվելու առնչությամբ թե ոչ, բայց երրորդը՝ Արեգա Հովսեփյանը, ինչպես պարզվեց, հույս էր փայփայում, որ չի ընտրվի։ Նա, հիշեցնենք, առաջադրվել էր Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածոը։  Հենց այդ հանձնաժողովն ընտրելու՝ ռուսամետ կողմնորոշում ունեցող «ուժեղների» որոշումը, նկատենք, շատերի, այդ թվում կառավարող ուժի համար ինտրիգային էր ու անսպասելի։ «Ես մեծ հույս ունեմ, որ չեմ ընտրվի այս հանձնաժողովի նախագահ»,-նախքան քվեարկության արդյունքների հրապարակումն ազդարարեց տիկին Հովսեփյանը՝ թերեւս հարուցելով ԱԺ աշխատանքներին հետեւող հանրության տարակուսանքը։  Առողջ բանականությունն ու տարրական տրամաբանությունը, մինչդեռ,  հուշում են, որ տիկինը  պետք է հույս փայփայելու փոխարեն ցավ ապրեր նման կարեւոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրվելու համար։


Քանի որ Աստված մեծ է ու բարեգութ, ուստի արդարացրեց տիկին Հովսեփյանի հույսերը՝ ազատելով նրան այն մեծ պատասխանատվությունից, որը պետք է ստանձներ եվրաինտեգրացիայի ուղղությամբ օրենսդրական աշխատանքները համակարգելիս։ Ի դեպ, տիկին Հովսեփյանը ԱԺ-ում իր թեկնածության շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ապացուցեց, որ եվրաինտեգրացիայի վերաբերյալ ունի սահմանափակ, մակերեսային պատկերացում, եւ արժեքավոր ոչինչ չուներ ասելու՝ իռացիոնալ դատողություններից դենը։ Երբ տիկնոջը քվերկությանից առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  կոնկրետ հարց հղեցինք՝ կո՞ղմ է ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցությանը՝ դադարեցնելով անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նա կոնկրետ պատասխանի փոխարեն որոշեց ընկնել սար ու ձոր, մեկումեջ էլ՝ «պեչենու բաղերը»։ Թե՝ կա երեք հարթություն՝ Եվրոպական  Միության հետ հարաբերությունների խորացում, եվրոպական ինտեգրացիա եւ ԵՄ անդամակցություն։ «Այսօրվա դրությամբ հենց գործադիրի ղեկավարի խոսքով չկա ԵՄ անդամակցության այլընտրանքը։ Իրենք նույնիսկ դիմում չեն ներկայացրել։ Այսինքն, նրանք են հայտարարում, որ նման օրակարգ չկա։ ․․․Մենք կարծում ենք, որ անկեղծ չէ նման թեմաներ քննարկելն ու շահարկելը՝ ժողովրդին մոլորության մեջ դնելը։ Պետք է խոսել այն ամենից, ինչը կա։ Տվեք ինձ համապատասխան վերլուծությունները՝ տնտեսական, իրավական, անվտանգային․․․դա մեկ հանձնաժողովի որոշելիք չէ։ Դա պետական մակարդակի որոշում է, որը որ պետք է իրականացվի։ Տվեք ինձ համապատասխան վերլուծությունները, եթե դա բխում է ՀՀ-ի շահերից, ապա մենք չենք կարող դեմ լինել նման օրակարգին»,-նշեց Հոմսեփյանը։ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը հավելեց նաեւ, որ կողմ են տնտեսական դիվերսիֆիկացիային, որպեսզի մեր կախվածությունը մեկ կենտրոնից քիչ լինի։ «Մենք փոքր երկիր ենք, մենք մեծ ռիսկերի ենք գնում, երբ որ մեր կախվածությունը մի կենտրոնից շատ է լինում։ Որովհետեւ այդ մի կենտրոնի գլխին եկածը, կոպիտ ասած, փոխանցվում է մեզ վրա։ Տնտեսական դիվերսիֆիկացիային եվրաինտեգրման համատեքստում դրան միանշանակ կողմ ենք»։  Տիկնոջ այս դիտարկումը՝ մեկ կենտրոնից կախվածության հետեւանքների վերաբերյալ, անշուշտ, արժանի է օվացիաների։ Եւ ոչ միայն։ Ուստի՝ «բրավո, տիկին Հովսեփյան, բրավիսիմո։ ՀՀ-ն վերջին շրջանում հենց այդ քաղաքականությունն է  վարում՝ աշխատանք տանելով  տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, փնտրելով միջազգային նոր շուկաներ։ Պարզապես կա մի նուրբ հանգամանք՝ երկիրը, որը հովանավորում է տիկին Հովսեփյանի խմբակցությանը, ՀՀ սուվերեն այս որոշմանն արձագանքում է ջղագրգիռ ու մարիազախարովաների, գալուզինների, մեդվեդեւների բերանով ուլտիմատում ներկայացնում՝ հարգելի Հայաստանի Հանրապետություն, դու «երկու աթոռի» միաժամանակ նստել չես կարող, ուստի, դավայ, օպրեդելիս՝  «մնում ես ԵԱՏՄ-ում, թե՞ ասում ես, «դավայ, դասվիդանի»՝ գնալով ԵՄ։  Արեգա Հովսեփյանը մեր այս դիտարկմանը տվեց շենշող պատասխան, մոտավորապես այնպիսի, ինչպիսին տալիս էր «Հայաստան» խմբակցությունը՝ կգանք իշխանության, կփոխվի գլխավոր բանակցողը, կլինի վստահելի մեկը՝ Պուտինի հետ ընտիր հարաբերություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանը ու․․․ «սաղ հարցերը նալադիտ կանի»։  «Հենց այստեղ գալիս է դիվանագիտությունը, դիվանագիտական արվեստը։ Երբ որ դու լինում ես կանխատեսելի, վստահելի գործընկեր, դու կարողանում ես համապատասխան գործիքակազմով քո գործընկերոջ հետ բացատրել, հասկացնել քո շահերը որոնք են։ Եթե չի հաջողվում դիվերսիֆիկացիայի ենթարկել տնտեսությունը, ապա դա չի կարող լինել միայն մի կողմի թերցումը։ Հետեւաբար, պետք է ընդամենը իրագործել բանակցային հմտությունները»։


Արեգա Հովսեփյանն էլ երկրորդելով Քոչարյանի ղեկավարած դաշինքին, կրկնում է նրանց սիրելի նարատիվը՝  երբ հրաշք տեղի ունենա, Սամվել Կարապետյանը լինի ՀՀ վարչապետ, կգնա Պուտինի մոտ, գործի կդնի իր դիվանագիտական «ողջ գործիքակազմը»՝  (միայն կարելի է երեւակայել, թե ինչ հարուստ գործիքակազմ ունի Ֆերբսի ցուցակում ներառված բիզմեսմենը) ոսկեղենիկ  ռուսերենով կբացատրի «հյուսիսային արջին», թե որն է ՀՀ-ի շահը, կհալեցնի նրա սիրտը, կմեղմի բարկությունն ու․․․․, փաստորեն, եվրասիական տնտեսական գործակցությունը կհամադրի եվրաինտեգրացիայի հետ։  Հավատացի՞ք։ Խնդիրն այն է, սակայն, որ այդ հրաշքը տեղի չի ունենա՝ Սամվել Կարապետյանի վարչապետացման տեսքով։ Այս հրաշքի տեղի չունենալու բերումով էլ տեղի չի ունենա Հայաստանի տնտեսական ապագան հավերժ մեկ կառույցի՝ ԵԱՏՄ-ի հետ կապելը։ Արեգա Հովսեփյանը, երեւի թե տեղյակ չէ, որ իրենց քաղաքական ուժի վրա ՌԴ-ն «ստավկա» էր արել հենց այդ մեկ կարեւոր ու գլխավոր նպատակադրումով՝ ՀՀ-ին ընդմիշտ կալանված պահել ԵԱՏՄ-ում՝ խցանելով, առմիշտ ու պինդ փակելով եվրաինտեգրացիայի դուռը, լուսամուտը, օդանցքը ու հնարավոր բոլոր այն ճեղքերը, որտեղից հնարավոր է թափանցեն եվրաինտեգրացիայի «դավադիր» քամիները։ 

 

ՀՄանուկյան