Վրաստանում ոստիկանության լիազորությունները միգրացիոն վերահսկողության ոլորտում ընդլայնվել են

Վրաստանի կառավարությունը ընդլայնել է Ներքին գործերի նախարարության լիազորությունները միգրացիոն վերահսկողության ոլորտում։ Համապատասխան փոփոխությունները վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է օգոստոսի 17-ին։


Այսուհետ օտարերկրացիների անօրինական գտնվելու և աշխատանքային միգրացիայի օրենսդրության պահպանման վերահսկողությամբ կզբաղվեն ոչ միայն ՆԳՆ միգրացիայի վարչությունը, այլև պարեկային և քրեական ոստիկանությունը։


Ոստիկանությունը կկարողանա ստուգել օտարերկրացիների փաստաթղթերը, ինչպես նաև ստուգումներ իրականացնել ձեռնարկություններում՝ պարզելու նրանց աշխատանքի օրինականությունը։ Խախտումների դեպքում նախատեսվում են վարչական տուգանքներ, իսկ օրինական հիմքեր չունեցող օտարերկրացիները կարող են տեղափոխվել ժամանակավոր պահման վայր՝ հետագա արտաքսման համար։


Վրաստանի իշխանությունները վերջին տարիներին խստացնում են միգրացիոն քաղաքականությունը։ 2025 թվականին երկրից միգրացիոն օրենսդրության խախտումների համար արտաքսվել է ավելի քան 1,3 հազար օտարերկրացի։