Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընթացքն ու դրա զարգացման հեռանկարները։
Պուտինի խոսքով՝ տարվա սկզբից Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունն աճել է 12,5 տոկոսով։ Նա կարևորել է նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում համագործակցության զարգացումը։
ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել նաև երկու երկրների կառավարությունների մակարդակով իրականացվող աշխատանքի արդյունքները։
Լուկաշենկոն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը միասին կհաղթահարեն առկա բոլոր դժվարությունները։ Նրա խոսքով՝ նախօրեին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ կայացած բանակցությունները եղել են արդյունավետ և բովանդակալից։
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։