Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ

Օգոստոսի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ուղեկցությամբ, այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ՝ մթերումների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։



Ընթացիկ սեզոնին ընկերությունը դեղձի մթերումն իրականացնում է 1 կգ-ն 175 դրամով։ Այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 2500 տոննա դեղձ, նախատեսվում է ցուցանիշը տարեկան հասցնել 6,5-7 հազար տոննայի։ Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունը տարեկան ծրագրում է արտադրել մոտ 7 մլն միավոր պահածոյացված սննդամթերք և 5-7 մլն միավոր բնական հյութ։



Մթերման գործընթացն անխափան կազմակերպելու համար ընկերությունն օգտվել է պետական աջակցության ծրագրից։ Դեղձից զատ՝ այստեղ մթերվում և վերամշակվում են նաև սմբուկ, լոլիկ, խնձոր, սալոր և այլ մրգեր ու բանջարեղեն։



Արտադրանքն արտահանվում է միջազգային տարբեր շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Բալթյան երկրներ, Ռումինիա, Իսրայել և Ղազախստան։



2011 թվականին հիմնադրված «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ն հյութերի և պահածոների արտադրության ոլորտի առաջատարներից է։ Հիմնադրումից ի վեր ընկերությունում իրականացվել է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 100-ի։ Արտադրանքը թողարկվում է Ararat, Armenium, Ararat Premium, Ararat Tea և Noah's Ark ապրանքանիշերով։