Ապօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվել

Երևանի Շիրակի 49 հասցեում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը քարով հարվածել և կոտրել է ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի ապակին։


Radar.am-ի տեղեկություններով՝ նշված հասցեում տարիներ շարունակ ապօրինի աղբավայր է գործել։ Մայրաքաղաքին պատկանող շուրջ 10,000 մ² մակերեսով հողատարածքում տեղադրված է եղել ապօրինի վագոն-տնակ, որի բնակիչները հարակից տարածքը վերածել են վճարովի աղբավայրի։ Ըստ աղբյուրի տվյալների՝ շինարարական աղբով բեռնված յուրաքանչյուր բեռնատարի վարորդից, ըստ ծավալի, գանձվել է 1000-ից 5000 ՀՀ դրամ՝ տարածքում աղբը թափելու թույլտվության համար։


Քաղաքապետարանի կողմից իրականացվող հակազդման աշխատանքները հարուցել են բնակիչների դժգոհությունը, ինչն էլ հանգեցրել է բախման։ Կատարվածը որոշ շրջանակների կողմից շահարկումների առիթ է դարձել, մինչդեռ իրավիճակի մանրամասները ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։


Radar.am-ի հետ զրույցում Մխիթարյանը նշել է, որ ապօրինի աղբավայրի խնդիրը սկսվել է դեռ 2022 թվականից․


«Նրանք բիզնես են ծավալել։ Գումարի դիմաց թույլ են տալիս, որ մեքենաներով բերեն, այնտեղ աղբ թափեն։ Եվ, բացի դրանից, նաև իրենց տարածքն են կամաց-կամաց ընդլայնում․ նաև այնտեղ վարձով տալու խնդիր կա»,- պարզաբանել է նա։


Վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ տարածքում առկա է ապօրինի կառուցված 7-10 շինություն․


«Մենք լավ հասկանում ենք, որ այնտեղ հաշմանդամ երեխեք կան, այնտեղ բազմազավակ ընտանիք է, ամենափոքրը՝ 2 ամսական։ Եվ հենց այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ այսօր քաղաքապետը որոշում կայացրեց ևս մեկ անգամ իրենց հնարավորություն տալ․ մենք վաղը հրավիրելու ենք իրենց այստեղ, և ներկա են գտնվելու և՛ ԳԱՍԿ-ի, և՛ հասարակականի ղեկավարները, որպեսզի իրենց բացատրենք և վերջին զգուշացումն անենք, որ դադարեցնեն այդ գործունեությունը»,- հավելել է Մխիթարյանը։


Նա նշել է, որ սպասվող հանդիպման ընթացքում կառաջարկվեն լուծումներ։ Այս պահին քանդման աշխատանքներ չեն իրականացվում, և եթե բնակիչները ցուցաբերեն զսպվածություն, շատ արագ քննարկումներ կլինեն ու կգտնվեն լուծումներ։


2022 թ․ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի ցուցումով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության աշխատակիցների կողմից հսկողություն էր սահմանվել տվյալ տարածքում գործող ապօրինի աղբավայրի գործունեության նկատմամբ, որի արդյունքում բետոնե արգելապատնեշով փակվել էր աղբավայրի մուտքը։


Սակայն հետագայում, հեռացնելով արգելապատնեշը, Անուշ Զաքարյանը և Միշա Ալեքսանյանը մինչ օրս փաստացի շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը։ Արգելապատնեշը հեռացնելու համար այդ քաղաքացիները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ըստ Ռոմիկ Մխիթարյանի՝ իշխանությունը ներողամիտ է գտնվել․


«Մենք էլի ներողամիտ եղանք իրենց հանդեպ։ Որովհետև ոչ միայն բետոնով փակել էին, նաև քարով վնասել էին ոստիկանության մեքենան։ Բայց դե, ամեն դեպքում, հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, հաշմանդամ երեխաներին, քաղաքապետն այդպես որոշեց, որ մի անգամ էլ իրենց թույլ տանք ուղղվեն: Արդեն պետք է հասկանան և համաձայնեն․ եթե չհամաձայնեն, շարունակեն դիմադրել, տարածքը քանդվելու և մաքրվելու է»,- նշել է Մխիթարյանը։


Ինչ վերաբերում է այս տարիներին նրանց գանձած գումարներին, վարչական շրջանի ղեկավարն ընդգծել է, որ այն գնացել է մարդկանց գրպանը․ «Անձնական բիզնես է, էլի, այդպիսի վիճակ էր։ Եվ 2022 թվականից մի քանի անգամ իրենք զգուշացվել էին, որ նման գործունեություն չանեն։ Նույնիսկ իրենք պարտավորվել էին, որ իրենք պահպանեն տարածքը, թույլ չտան, բայց այդ․․․ այդ ավելին էր տրվել իրենց հնարավորությունը, էլի, որովհետև իրենք պահպանում են, ուրեմն կարող են նաև»,- հավելել է Ռոմիկ Մխիթարյանը։


Radar.am-ի հետ զրույցում տեղի բնակիչներից մեկն էլ նշել է, որ իրենք գիտակցում են տարածքի ապօրինի լինելու փաստը և հասկանում են, որ կարող էին կանգնել նման խնդրի առաջ։


«Ես գիտեմ, որ ապօրինի է, 30 տարի ապրել եմ, եթե ուզում են քանդել, թող մեզ ապահովեն, ես էլ սաղ ամբողջը կթողնեմ, կգնամ։ Ինձ ոչ մի բան հետաքրքիր չէ»,- ասել է տեղի բնակիչը։


Բնակչի խոսքով՝ եթե նման խնդրի առաջ են կանգնած, ապա իրենք պատրաստ են տարածքը լքել՝ համապատասխան օգնություն ստանալուց հետո։