ԱՄՆ դրամահատարանը թողարկել է 2026 թվականի ոսկեգույն մեկ դոլարանոց մետաղադրամ, որի վրա պատկերված է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ Սա առաջին դեպքն է, երբ առօրյա շրջանառության համար նախատեսված մետաղադրամի վրա պատկերվում է գործող նախագահի դեմքը։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Գերատեսչությունը հորդորել է քաղաքացիներին ստուգել իրենց մանրադրամը, իսկ հավաքորդներին առաջարկել է ձեռք բերել դրանք հատուկ փաթեթներով և պարկերով։ Մանրածախ գինը կազմում է 61 դոլար՝ 25 մետաղադրամ պարունակող փաթեթի համար, և 154,50 դոլար՝ 100 մետաղադրամ պարունակող պարկի համար։
Չնայած ոսկեգույն տեսքին՝ մետաղադրամը ոսկի չի պարունակում․ այն բաղկացած է 88,5% պղնձից՝ ցինկի, մանգանի և նիկելի հավելումներով։ Առօրյա դրամաշրջանառության մեջ նման մետաղադրամ գտնելը բավականին դժվար կլինի, քանի որ մեկ դոլարանոց մետաղադրամները լայն տարածում չունեն ամերիկացիների շրջանում և շրջանառվում են շատ ավելի հազվադեպ, քան թղթադրամները։