«ԵՄ-ին միանալը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է այդ դեպքում լուծել արտոնությունների հարցերը». Օվերչուկ

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։


«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ին»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։


«Վեստի»-ին տված հարցազրույցում Օվերչուկը ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանն օգտագործել որպես հարվածող խոյ ընդդեմ Ռուսաստանի, և Երևանը պետք է որոշի՝ կդաշնակցի՞ արդյոք Ռուսաստանի հետ, թե՞ հույսը կդնի արևմտյան երկրների աջակցության վրա։


«Եվ եթե նրանք կարծում են, որ ԵՄ-ին միանալը կտա նույն արդյունքները, ինչպես ասում են՝ welcome, դա նրանց իրավունքն է։ Բայց նրանք կամ ԵԱՏՄ-ում են և մեր դաշնակիցներն են, և այդ դեպքում մենք կաջակցենք նրանց, կամ նրանք գնում են այնտեղ և հույսը դնում նրանց աջակցության վրա, ովքեր փաստացի այսօր փորձում են Հայաստանն օգտագործել որպես խոյ Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։