Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական: Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Հղում անելով Գրիգորյանի՝ պետական կառավարման բարձրագույն օղակներում ունեցած փորձին՝ ընկերությունը նշում է, որ նրա կարիերան ընդգրկում է ռազմավարական կառավարման, դիվանագիտության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտները։ Ըստ հրապարակման՝ նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։
PMCG-ն միջազգային զարգացման խորհրդատվական ցանց է, որը նպատակ ունի ապահովել «անցումային և զարգացող երկրների առաջընթացը»։ Ընկերությունը գործում է ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում՝ համագործակցելով տեղական կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ։
Կազմակերպությունը, որը Հայաստանում ներկայացված է «PMCG Արմենիա» ՍՊԸ-ով, մասնագիտացած է սոցիալ-տնտեսական բարգավաճմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացման մեջ։