Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը հիբրիդային հարձակման մաս է

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությունները բավականին մեծ աղմուկ են բարձրացրել մեր հասարակության մեջ։ Ամենևին չուրանալով Տեր-Գրիգորյանցի ավանդը հայկական Զինված ուժերի կազմավորման մեջ՝ այդուհանդերձ անհասկանալի է, թե ինչպես կարող էր նորանկախ պետության բանակի կայացման մեջ մեծ ներդրում ունեցած մարդը Հայաստանը համարել Ռուսաստանի ֆորպոստ։


Քաղաքագետ Առնոլդ Բլեյանը կարծում է, որ Նորատ Տեր-Գրիգորյանցը չի ստում, որովհետև ժամանակին, այո, Հայաստանը եղել է ֆորպոստ։


«Նա չի ստում, ես իր հետ համաձայն եմ, նա անկեղծ խոսում է: Այո, Հայաստանը եղել է ֆորպոստ, այո, այդպես էլ Հայաստանին դիտարկել են այլ պետությունները, այդ թվում՝ մեր հարևան պետությունները»,- ասաց Առնոլդ Բլեյանը։  


Վերջինս նշեց, որ սա խոսում է այն մասին, որ մենք այդպիսի իրավիճակում ենք ապրել 1991 թվականից սկսած՝ երկրի անկախացումից ի վեր, և լավ կլիներ, որ Գրիգորյանցի հայտարարություններին արձագանքեր ՀՀ առաջին նախագահը, թե այդ ինչպես է նման մտածողությամբ մարդը տեղ գտել Զինված ուժերում։


Առնոլդ Բլեյանը կարծում է, որ եթե Տեր-Գրիգորյանցը ունի որևէ կոչում Հայաստանում, ապա նրա այդ կոչումները պետք է հետ վերցնել։


Խոսելով նաև այն մասին, որ Նորատ-Տեր Գրիգորյանցը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, քաղաքագետն ասաց, որ չի կարծում, թե անձնագրի հանձնումն ու քաղաքացիությունից հրաժարումը նրա անձնական նախաձեռնությունն էր։


«Կարծում եմ՝ դա այդ հիբրիդային հարձակումների մեջ է մտնում, որովհետև այն արձագանքը, որ մենք տեսանք, այսպես կոչված, ընդդիմադիրների կողմից, նաև ռուսական լրատվականներում տարածվող այդ ամպագոռգոռ հայտարարություններն ու նյութերի վերնագրերը՝ այ, գեներալը հրաժարվեց քաղաքացիությունից, գեներալի հուսահատ վերջին քայլը, իրականում ցույց են տալիս, որ դա նախօրոք պլանավորած գործառույթի մաս է»,- ասաց Առնոլդ Բլեյանը։


Ի հավելումն նա նշեց, որ սա իմպերիալիստական ռուսական քաղաքականության մասին է, և հետևաբար, եթե վաղը Պուտինին փոխարինի Մեդվեդևը, դա չի նշանակում, որ իրենց քաղաքականությունը պետք է փոխվի, իրենք այդպես կմնան, քանի դեռ Ռուսաստանը չի դարձել ժողովրդավարական երկիր: Մենք չենք կարող Ռուսաստանին անվանել ռազմավարական գործընկեր կամ դաշնակից, որովհետև նրանք ի սկզբանե Հայաստանը դիտարկում են որպես մանրադրամ՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ որևէ գործարքի գնալու համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան