«Լամբադա» հանգույցի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել նոյեմբերի 1-ին․ Ջուլիետա Ազարյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանն անդրադարձել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի փակման վերաբերյալ մամուլի և քաղաքացիների արձագանքներին՝ ընդգծելով, որ քաղաքային ենթակառուցվածքների վերանորոգումն անհնար է առանց ժամանակավոր անհարմարությունների։


«Որոշ ժամանակ առաջ մամուլը գրում էր․ ««Լամբադա» հանգույցի վրա գոյացել են տասնյակ փոսեր, ժողովուրդը դժգոհ է»։ Այսօր նույն մամուլը գրում է․ ««Լամբադա» հանգույցը փակել են՝ ժողովուրդը խիստ դժգոհ է»։ Քաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է»,- նշել է քաղաքապետի մամուլի քարտուղարը։


Նա հիշեցրել է, որ այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։ Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացնել հենասյուները, իսկ վերգետնյա մալուխներն անցկացնել ստորգետնյա եղանակով։


Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել նոյեմբերի 1-ին։