Հայաստանը պետք է պատնեշ դնի Սփյուռքից եկող քաղաքական ոտնձգությունների դեմ

«Մենք Second-hand ապրանքների կարիք չունենք, և այդ էջը պետք է փակել։ Իմիջիայլոց, այդ որակական փոփոխությունը տեղի է ունեցել և տեղի է ունենում։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ինձ համար «Ֆայերբըրդ» նախագիծն է, ինձ համար Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամենակարևոր կետերից մեկը «Թումո» նախաձեռնությունն է։ Սփյուռքի նախաձեռնություն է, չէ՞, «Թումո»-ն կամ «Քոաֆ» հիմնադրամի նախաձեռնությունը Հայաստանում։ Մենք էդպես ենք պատկերացնում մեր հարաբերությունները Սփյուռքի հետ, որ զարգացման օրակարգ է»,- այս մասին  այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանն այս առնչությամբ ասաց, որ Սփյուռքը շատ տարբեր է, և տարբեր երկրներում ապրող մեր մի քանի միլիոն հայրենակիցներն ունեն տարբեր մտածելակերպ։


«Վերցնենք Ռուսաստանի մեր հայրենակիցներին, որոնք գտնվում են աննախադեպ պրոպագանդայի տակ։ Ցավոք սրտի, նրանցից շատերն իրենց մտածելակերպն են փոխում այդ պրոպագանդայի շնորհիվ։ Արևմտյան երկրներում գոյություն ունի նաև դաշնակցական Սփյուռքը, որը իմ կարծիքով՝ ուղղակիորեն ղեկավարվում է Կրեմլից։ Բայց գոյություն ունի Սփյուռք, որը սատարում էր թե՛ 2018 թվականի հեղափոխությունը, թե՛ այն բողոքի ալիքները, որոնք որ մինչև հեղափոխությունը ջրի երես էին գալիս. այդ ամենը Սփյուռքն էր»,- ասաց Բագրատ Առաքելյանը։


Նրա խոսքով՝ այսօր իրոք ուրիշ վերաբերմունք պետք է լինի Սփյուռքի կողմից Հայաստանի նկատմամբ, որը պետք է տարբերվի  90-ական թվականների իրավիճակից: Այսօր Հայաստանն ուրիշ օգնության կարիք ունի, պետք է այն հարթակները ստեղծվեն, որտեղ Սփյուռքի ներկայացուցիչները կարողանան թե՛ ինտելեկտուալ, թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական հնարավորությունները տարածեն Հայաստանում և Հայաստանը փորձեն դիտարկել ոչ թե պարզապես մի տեղ, որտեղ կարելի է գնալ ամառն անցկացնել կամ լավագույն դեպքում բնակարան առնել, այլ մի հարթակ, որտեղ կարելի է ներդնել փորձը, այն հնարավորությունները, որոնք իրենք կարող են իրենց թույլ տալ Հայաստանում։


 «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսությունն օրեցօր վերաձևակերպվում է, և Սփյուռքն արդեն ունի իր ներկայությունը։ Բիզնես ծրագրերը, որոնք հիմա իրագործվում են Հայաստանում, լուրջ և շատ ճիշտ ուղղություն են հայերի և Հայաստանի համար։ Եվ մենք՝ Սփյուռքը, մեր մտքերը պետք է ուղղենք առաջին հերթին Հայաստանի ապագային, թե ինչ է իրենից ներկայացնելու Հայաստանը մի 10-15 տարի հետո»,- նշեց Բագրատ Առաքելյանը։


 Մեր զրուցակցի խոսքով՝ Սփյուռքում բնակվող մեր ազգի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ այլևս այն կարգավիճակը չունի և չպիտի ունենա,  ինչ եղել է դրանից առաջ, և իրենք պետք է անեն այն, ինչը կնպաստի Հայաստանի զարգացմանը, Հայաստանի անկախությանը և պետականաշինությանը. դա է իրենց առաջնային նպատակը։ Իսկ այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք հակադրվում են այդ գաղափարներին և փորձում են Հայաստանը հետ տանել դեպի ռուսական կայսերական համակարգ, այդ ուժերը հայանպաստ ուժեր չեն: Նրա  կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը պետք է հստակ պատնեշ դնի նման ոտնձգությունների դեմ։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան