ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) համագործակցությամբ Երևանում մեկնարկել է «Կայուն տրանսպորտային միջանցքների խթանումը՝ միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման նպատակով» խորագիրը կրող կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։
Աշխատաժողովը նպատակ ունի խթանել քաղաքական երկխոսությունը, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև կարողությունների զարգացումը՝ Հարավային Կովկասի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և դրանից դուրս կայուն տրանսպորտային երթուղիների զարգացման և առանցքային միջազգային տրանսպորտային միջանցքներով Արևելք–Արևմուտք կապակցվածության ամրապնդման ուղղությամբ։
Աշխատաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«...Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովին (ESCAP)՝ այս կարևոր միջոցառումը համատեղ կազմակերպելու և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին տրանսպորտային կապակցվածության շուրջ տարածաշրջանային երկխոսության խթանման միջոցով շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար «Ավազայի գործողությունների ծրագիրը» նորացված միջազգային ջանքերի ուղենիշն է՝ ուղղված այս երկրների առջև ծառացած կառուցվածքային մարտահրավերների հասցեագրմանը։
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տրանսպորտային երթուղիները պետք է կարողանան դիմակայել խափանումներին և ապահովել կանխատեսելի ծառայություններ բիզնեսի և համայնքների համար։ Միևնույն ժամանակ, նոր տրանսպորտային երթուղիների զարգացումը հնարավորություններ է ստեղծում կայուն մատակարարման շղթաների ապահովման, առևտրի դիվերսիֆիկացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ամրապնդման և նախկինում առավել դժվար հասանելի շուկաների կապակցման համար։
Հայաստանի համար այս նպատակները սերտորեն փոխկապակցված են տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և մեր տրանսպորտային ցանցի ներուժի իրացման ավելի լայն տեսլականի հետ։ Մենք կենտրոնացած ենք տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, սահմանային անցակետերի արդիականացման, լոգիստիկ կարողությունների զարգացման և արդյունավետ կառավարման ամրապնդման վրա, ինչը կարող է առավել արդյունավետ և հուսալի դարձնել ապրանքների և մարդկանց տեղաշարժը։
ԹՐԻՓՓ-ը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ կապակցվածություն՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այն փոխադարձ օգուտներ կապահովի Հայաստանի Հանրապետության համար՝ Ադրբեջանի տարածքով միջազգային և ներպետական կապակցվածության առումով:
Այլ կերպ ասած՝ ԹՐԻՓՓ-ը համապարփակ շրջանակ է, որը ոչ միայն նախանշում է տարածաշրջանում առևտրի և տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման եղանակները, այլև հիմք է ստեղծում Հարավային Կովկասի՝ համաշխարհային մատակարարման շղթաներին առավել սերտ ինտեգրման համար։ Այս տարվա հունիսին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ նախագիծը թևակոխել է գործնական իրականացման փուլ»։
Երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են կայուն տրանսպորտային միջանցքների զարգացման առանցքային ուղղությունները: Մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնելու փորձի փոխանակում, քննարկելու տրանսպորտային միջանցքների զարգացման ընդհանուր մարտահրավերները և դիտարկելու դրանց արդյունավետությունը, դիմակայունությունն ու կայունությունը բարձրացնելու գործնական մոտեցումները։
Աշխատաժողովին մասնակցում են անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տրանսպորտային օպերատորներ, մասնավոր հատվածի, գիտական շրջանակների, միջազգային կազմակերպությունների, զարգացման գործընկերների և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։

