Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող ծրագրերին և շահառուների համար ստեղծված պայմաններին։ Նշվել է, որ ֆիզիկական վերականգնմանը և բուժմանը զուգահեռ «Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ներգրավվում կրթական, մշակութային և սպորտային ծրագրերում, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ։


Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նաև «Զինվորի տան» տարածքում կրթական կենտրոն ստեղծելու նախագիծը, որը նախատեսում է մեկ վայրում համախմբել «Զինվորի տան» շահառուների համար արդեն իսկ իրականացվող կրթական ծրագրերը։


Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով շահառուների կրթության շարունակականության, նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերման և աշխատաշուկայում նրանց լիարժեք ներգրավման համար համապատասխան հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։