Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Բաքվում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին զարգացումներին։ «Կարծում ենք՝ այս գործընթացի ավարտը տարածաշրջանում գործակցության նոր դարաշրջան կբացի։ Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, տրանսպորտային կապերով, էներգետիկայով, առևտրով և տնտեսական զարգացմամբ»,- մանրամասնել է նա։
Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների կառուցումը գտնվում է եզրափակիչ փուլում, և աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականի առաջին կիսամյակում։ Բայրամովը կարևորել է «Թրամփի ուղի» նախագծի կյանքի կոչումը՝ հավելելով, որ այդ հարցով բանակցություններն ընթանում են անմիջականորեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։