Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ այցելել է փորձաքրեագիտական վարչություն, ծանոթացել վարչության գործունեության առանձնահատկություններին։
Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները շրջել են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, ծանոթացել տրանսպորտային ու տեխնիկական միջոցներին, բարձր տեխնոլոգիական շարժական քրեագիտական լաբորատորիաներին։

Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Շալվա Թադումաձեի և փորձաքրեագիտական վարչության տնօրեն Թենգիզ Սիսաուրիի հետ։
Սուլխան Թամազաշվիլին և Արփինե Սարգսյանը Բաթումում ներկա են եղել ցուցադրական փրկարարական վարժանքին։
Մասնակցել են նախարարության Սահմանային ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի, Հատուկ նշանակության ավիացիայի դեպարտամենտի և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներ։

Ներկայացվել են ծովում տեղի ունեցած պատահարներին արագ արձագանքելու, տարբեր ստորաբաժանումների համագործակցության և փրկարարական միջոցառումները պատշաճ կազմակերպելու կարողությունները։
Ցուցադրական միջոցառման ընթացքում կիրառվել են լողամիջոցներ, անօդաչու թռչող սարք և Սահմանային ոստիկանության ուղղաթիռ։
