Շվեդիան, Բելգիան և Նիդերլանդները պարզապես եվրոպական երկրներ չեն մեզ համար․ ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարն ընդունել են դեսպաններին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին ընդունել են ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։


Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև վիզաների ազատականացման գործընթացին, առևտրատնտեսական, քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։

814929542_1393450002311596_2030651633396880419_n.jpg (166 KB)813966156_1131892189401385_4321431048491725815_n.jpg (195 KB)

«Շվեդիան, Բելգիան և Նիդերլանդները պարզապես եվրոպական երկրներ չեն մեզ համար, այլ ժողովրդավարության, օրենքի գերակայության, ինստիտուցիոնալ մշակույթի վառ օրինակ են, և մեր ծրագրով պետականաշինության մեջ փորձելու ենք հասնել այդ չափանիշներին։ Ժողովրդավարական բարեփոխումները մեր քաղաքական հանձնառությունն են և մեր պետականության անվտանգության հիմնական երաշխիքները։ Եվ այստեղ ձեր աջակցությունը բարձր ենք գնահատում»,- դիմելով դեսպաններին՝ մասնավորապես ասել է Արուսյակ Մանավազյանը։

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի խորացումն ու ակտիվացումը։ Այդ համատեքստում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի դերակատարությունը։

807759558_1054310364077676_7318082327935012288_n.jpg (182 KB)

Խմբակցության ղեկավարն արժևորել է ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև դրական գնահատել Եվրոպական միության կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացումն ու կրճատումը։

Հյուրերի խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ հարաբերություններին և այլ հարցերի։

814637287_1645105333993181_6455267857235236604_n.jpg (292 KB)