ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է սեպտեմբերի 17-ին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանի՝ ԱԺ ամբիոնից հնչած ելույթին, որում, ըստ ՍԱՏՄ-ի, հնչել են իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ մտքեր ու տվյալներ։
Պատգամավորը մասնավորապես նշել էր, որ սեպտեմբերի 15-ին «Անվտանգ սնունդ» հարթակը նյութ էր հրապարակել՝ «Թունաքիմիկատներ՝ պտուղ-բանջարեղենի ամեն երրորդ նմուշում» վերնագրով։ Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ տեսչական մարմնից հայտնել են, որ թունաքիմիկատները պտուղ-բանջարեղենում կարող են հայտնաբերվել ոչ միայն յուրաքանչյուր երկրորդ, այլև բոլոր նմուշներում։
«Դա նորմալ է, քանի որ այդ նյութերն օգտագործվում են մշակության ժամանակ, և առանց դրանց առողջ բերք ստանալ հնարավոր չէ։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ այդ թունաքիմիկատները պտուղ-բանջարեղենում գերազանցում են թույլատրելի չափաքանակները, որոնք սահմանված են իրավական ակտերով։ Ուստի հանրությանը նման հայտարարություններով և անհիմն ու խուճապ տարածելու միտում ունեցող վերնագրերի միջոցով մոլորեցնելը ուղղակի անթույլատրելի է»,- նշել են տեսչական մարմնից։ Անդրադառնալով պատգամավորի այն դիտարկմանը, թե «այն, ինչ արգելված է Բրյուսելում, Վաշինգտոնում, մեր երկրում մեր տարեց ծնողների ու երեխաների ափսեի մեջ է», տեսչական մարմնից հայտնել են, որ թունաքիմիկատի մեկ տեսակը կարող է մի երկրում արգելված լինել, իսկ մեկ այլ երկրում՝ ոչ։
«Հայաստանը հանդիսանում է Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների անդամ երկիր և, ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն, արգելվում է այդ կոնվենցիաներով սահմանված թունաքիմիկատների գրանցումը, ներմուծումն ու օգտագործումը, իսկ մեր երկրում արգելված թունաքիմիկատներ չեն հայտնաբերվել»,- հայտնել են ՍԱՏՄ-ից։
Պատգամավորը նաև վիճակագրություն է ներկայացրել, որում, ըստ տեսչական մարմնի, առկա է սխալ տեղեկատվություն։
«2024 թվականին թունաքիմիկատների մասով իրականացվել է ոչ թե 192, այլ 179 նմուշի փորձաքննություն, որոնցից 91-ում հայտնաբերվել են թունաքիմիկատներ, սակայն դրանցից միայն 6 նմուշում է թունաքիմիկատի քանակությունը գերազանցել ԵԱՏՄ համապատասխան իրավական ակտերով սահմանված թույլատրելի քանակը»,- նշել են տեսչական մարմնից։ Պատգամավորը նշել էր նաև, որ նիտրատի պարունակության մասով ևս խախտումներ են արձանագրվել։ Ի պատասխան՝ տեսչական մարմնից հայտնել են, որ նիտրատի մասով խախտում արձանագրվել է միայն մեկ նմուշում, այն էլ՝ չնչին չափով։