Պուտինը Ուկրաինային մեղադրել է ՌԴ ընտրություններին միջամտելու և բանակցությունները ձգձգելու մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինան միտումնավոր խոչընդոտում է 4․5 տարի ձգվող պատերազմի ավարտին ուղղված բանակցությունները, և Կիևին մեղադրել է Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։ Այս մասին գրում է Reuters-ը։ 


Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Պուտինը վերահաստատել է նաև Մոսկվայի պաշտպանական հիմնական նպատակը՝ հենվել սեփական «միջուկային տրիադայի» վրա, և նշել, որ Մոսկվան պետք է շարժվի նաև հակահրթիռային պաշտպանության համակարգերի բարելավման ուղղությամբ։


Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, թե Ուկրաինան «վաղուց վերածվել է բռնապետության»՝ նկատի ունենալով այն, որ երկրում նոր նախագահական ընտրություններ չեն անցկացվել՝ չնայած նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետի ավարտին։


«Ուկրաինայի ղեկավարությունը, ինչպես գիտեք, չի շտապում ընտրություններ անցկացնել, բայց նրանք փորձում են միջամտել նաև մեզ», - մեջբերում են Պուտինի խոսքերը՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։


Զելենսկին և ուկրաինացի այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենց երկրում չի կարող որևէ ընտրություն անցկացվել, քանի դեռ ուժի մեջ է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից ի վեր հայտարարված ռազմական դրությունը։