Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան պայթյուններ են լսվել այն բանից հետո, երբ երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նախազգուշացրել է «թշնամական օդային սպառնալիքի» մասին։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացումներ են տարածվել նաև Սաուդյան Արաբիայի մի շարք այլ շրջաններում։ Էր Ռիադում ահազանգը հնչել է երկու անգամ, որից հետո իշխանությունները հայտարարել են վտանգի վերացման մասին։


Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը բնակիչներին հորդորել է շարունակել հետևել անվտանգության ցուցումներին, չհավաքվել հնարավոր միջադեպի վայրում և ձեռք չտալ ընկած առարկաներին։ Ծառայության համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է նաև նրա պաշտոնական էջում։


Տուժածների կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն հայտնել պայթյունների պատճառը և չեն նշել օդային սպառնալիքի աղբյուրը։


Միջադեպը տեղի է ունեցել Եմենում հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական ուժերի միջև մարտերի սրման պայմաններում։ Կողմերը վերջին շաբաթներին միմյանց մեղադրում են հրթիռային ու անօդաչու թռչող սարքերով հարվածներ և ավիահարձակումներ իրականացնելու մեջ։