«Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումների շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով իրականացված դիտարկման արդյունքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկավանի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ։Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:


Հայտնաբերված փայտանյութի մի մասի վերաբերյալ անտառտնտեսության տնօրենը և անտառապետը ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, իսկ հարակից տարածքներում գտնվող շուրջ 45 խմ փայտանյութի վերաբերյալ տեղեկություն չեն ունեցել:

Դեպքի առնչությամբ Էկոպարեկային ծառայությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները շարունակում են փայտանյութի նկատմամբ հսկողությունը մինչև քննչական գործողությունների ավարտը:

Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է անտառային տարածքներում իրականացնել շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու, հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով արձագանքելու նպատակով։