Ես 8 հակամարտություն եմ կարգավորել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում

Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում լուծել է բազմաթիվ խնդիրներ։


«Մինչ ուրիշները խոսում էին խաղաղության մասին, ես հաստատեցի այն։ Մինչ ուրիշներն անտեսում էին սպառնալիքները, ես դիմակայում էի դրանց»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։


Նա հիշեցրել է 8 հակամարտությունների կարգավորման մասին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։


«Հայաստանի վարչապետն ասաց, որ այս բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղությանը նրա վճռական հանձնառության։ Ադրբեջանի նախագահն էլ նշեց, որ ես վեց ամսում հրաշք գործեցի»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։


Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Թրամփը վստահություն է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի ավելի շուտ, քան շատերն են ակնկալում։


«Վաշինգտոնն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ պատերազմին վերջ դնելու նպատակով»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։


Խոսելով Իրանի մասին՝ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը բազմիցս մերժել է գործարքի վերաբերյալ ԱՄՆ առաջարկները։ Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կարող է կնքվել նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Սպիտակ տան ղեկավարը նաև խոստացել է, որ նավթի գները շուտով կկարգավորվեն։


Դոնալդ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն ավելի հզոր է, քան երբևէ․ երկրի զինված ուժերն աշխարհում ամենաուժեղն են և կարող են գործի դրվել, եթե Միացյալ Նահանգներին վտանգ սպառնա։


Խոսելով Գրենլանդիայի անվտանգության ապահովման շուրջ Դանիայի հետ ձեռք բերված համաձայնության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Պիտուֆիկից բացի ևս երկու ռազմաբազա կկառուցի կղզում և թույլ չի տա հակառակորդներին այնտեղ ներդրումներ կատարել կամ ցուցաբերել այլ տեսակի ներկայություն։


Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև Կուբային՝ այն որակելով «ձախողված պետություն», ինչից հետո Կուբայի ներկայացուցիչները լքել են Գլխավոր ասամբլեայի դահլիճը։