Գրենլանդիայում կմեկնարկի ԱՄՆ Զինված ուժերի լայնածավալ տեղակայումը․ ստորագրվել է եռակողմ համաձայնագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Ենս-Ֆրեդերիկ Նիլսենը համաձայնագիր են ստորագրել Գրենլանդիայում ԱՄՆ Զինված ուժերի լայնածավալ տեղակայման մեկնարկի մասին:


«Համաձայնագիրը հարգում է Դանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Գրենլանդիայի ինքնորոշման իրավունքը», - հայտարարել է Ֆրեդերիկսենը: Նա նշել է, որ համաձայնագրի մասնակիցները թույլ չեն տա մրցակիցներին վերահսկել Գրենլանդիան և ազդել դրա վրա, իսկ տարածաշրջանում կընդլայնեն ԱՄՆ-ի և Դանիայի դաշնակիցների ներկայությունը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնն անվտանգության ոլորտում համաձայնության է հասել Դանիայի և Գրենլանդիայի հետ: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշտական վերահսկողություն կստանա Գրենլանդիայում անվտանգության և այլ հարցերի նկատմամբ և մեծ քանակությամբ ռազմական զորակազմ կտեղակայի կղզում: