Անկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի հոբելյանական միջոցառումների աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:


Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ծրագրում ընդգրկված թատերահամերգային կազմակերպությունների և «Բեքգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։


Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ ներդրած ջանքերի, պատասխանատու աշխատանքի և արձանագրված արդյունքի համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Անկախության օրվա միջոցառումների կազմակերպումը պահանջել է պատասխանատվության բարձր զգացում և մեծածավալ աշխատանք։


«Անկախության 35-ամյակի տոնական ծրագիրը նաև նոր բովանդակություն էր․ ունեցանք պրեմիերաներ և հատուկ այս օրվա համար ստեղծված նորարարական լուծումներ։ Կարևոր էր փոխանցել երկրի քաղաքացի լինելու զգացողությունը և ապահովել բարձր տոնական տրամադրություն»,- ասել է նախարարը՝ ընդգծելով կազմակերպչական աշխատանքների մեծ ծավալը։


Տոնական միջոցառումների ծրագրում ընդգրկված մասնագետների, ծառայությունների և ռեսուրսների ներգրավումը հիմնականում ապահովվել է տեղական ներուժի միջոցով։


Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է մարզերում մշակութային որակյալ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով, որ համերգներ են անցկացվել 4 խոշոր քաղաքներում՝ Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Կապանում՝ տոնը դարձնելով համապետական։


«Կարևոր էր Անկախության օրվա տոնական տրամադրությունն ու բովանդակությունը հասանելի դարձնել հնարավորինս լայն հանրությանը՝ հատկապես մարզերի բնակչությանը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ խոշոր մշակութային իրադարձությունները կարևոր են նաև դրանց շուրջ ծավալվող հանրային քննարկումների տեսանկյունից։


Անդրադառնալով հանրային արձագանքներին՝ նշվել է, որ դրանք հիմնականում դրական են եղել․ միայն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանն ավելի քան 60 հազար քաղաքացի է ներկա եղել:


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ տարբեր երկրներում նմանատիպ նախագծերում աշխատելու փորձ ունենալով՝ կարող է փաստել, որ Հանրապետության հրապարակում ապահովված կազմակերպչական մակարդակն ու աշխատանքի պայմանները բարձր նշաձող են սահմանել։ Նա առանձնահատուկ կարևորել է նաև Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն Անկախության օրվա գլխավոր միջոցառմանը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն գեղարվեստական լուծում էր, այլև մշակութային կարևոր ուղերձ։


Հանդիպման ընթացքում միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում ներգրավված կառույցների ներկայացուցիչներն անդրադարձել են համատեղ աշխատանքի արդյունքներին, կազմակերպչական գործընթացում ձեռք բերված փորձին և այլ հարցերի։