Հայաստանի զինված ուժերի անցումը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) ստանդարտներին կլինի «երկարատև» և կպահանջի զգալի ծախսեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Սալյուկովը, փոխանցում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«ՀՀ
զինված ուժերի անցումը ՆԱՏՕ-ի ստանդարտներին կլինի երկարատև, բարդ գործընթաց, որը
կպահանջի բյուջետային մեծ ծախսեր՝ Հայաստանի անվտանգության համար անորոշ
հեռանկարով»,- Սալյուկովի խոսքերն է մեջբերել РБК-ն։
Նրա
կարծիքով՝ եվրաատլանտյան ստանդարտներին ՀՀ զինված ուժերի անցման մասին Հայաստանի
ղեկավարության հայտարարությունները առայժմ կրում են գերազանցապես քաղաքական
բնույթ: Սալյուկովը նաև հայտարարել է, որ հայկական բանակի 90%-ը զինված է ռուսական
զենքով: Նա նշել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, «Տոռ-Մ2»
հակաօդային պաշտպանության համակարգերը և «Սու-30ՍՄ» կործանիչները:
Ռուսաստանի
ԱԽ քարտուղարի տեղակալը մեջբերել է ռուս ռազմական տնտեսագետների գնահատականները,
որոնց համաձայն՝ 2025 թվականին ՆԱՏՕ-ի երկրները մեկ զինծառայողի համար տարեկան
ծախսել են մոտավորապես 493,000 դոլար, իսկ Հայաստանը՝ մոտավորապես 26,000 դոլար։
Տարբերությունը, նրա խոսքով, 19 անգամ է, և դաշինքի ստանդարտներին անցումը հայ
հարկատուներից կպահանջի լրացուցիչ ծախսեր։
Սալյուկովը
նաև հիշեցրել է 2025 թվականին ստորագրված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական
գործընկերության խարտիան։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ամրագրում է եվրաատլանտյան ինստիտուտների
հետ համագործակցությունը խորացնելու Երևանի կուրսը։