Ջրային կոմիտեն և ԱԶԲ-ն քննարկել են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները

Ջրային կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցչական առաքելության հետ՝ ջրային ոլորտում ընթացիկ համագործակցության և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

Հանդիպմանը ԱԶԲ պատվիրակությունը ներկայացրել է Բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության քաղաքականության վերջին փոփոխությունները, հասանելի ֆինանսական գործիքներն ու աջակցության նոր մեխանիզմները, այդ թվում՝ ծախսերի փոխհատուցմամբ տեխնիկական աջակցությունը և այս ամռանը հաստատված Project Support Lending՝ ծրագրերի աջակցման նոր գործիքը։


Քննարկվել են վերոնշյալ նոր գործիքների կիրառման հնարավորությունները Հայաստանի ջրային ոլորտի առաջնահերթ ծրագրերի նախապատրաստման և իրականացման համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սևանի ավազանի՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման, հարակից գյուղական բնակավայրերի կեղտաջրերի հավաքման և հեռացման համակարգերի, ինչպես նաև Գետիկի, Կարմիրգյուղի, Գառնահովիտի և Եղվարդի նոր ջրամբարների կառուցման ծրագրերին։


Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը կարևորել է ԱԶԲ-ի ճկուն մոտեցումները եւ Բանկի հետ ձևավորված բազմաբովանդակ համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված՝ Ջրային կոմիտեի և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ռազմավարական կարևորությունը։


ԱԶԲ ներկայացուցիչները նշել են, որ Բանկի մշակած նոր գործիքները կարող են կիրառվել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորման, մանրամասն նախագծման, տեղանքի ուսումնասիրությունների, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական երաշխիքների պահանջների ապահովման փուլերում՝ նպաստելով ծրագրերի որակյալ և միջազգային չափանիշներին համապատասխան նախապատրաստմանը։