Օգոստոսի 25-ին մի շարք լրատվականներ շտապեցին ազդարարել Մենուա Սողոմոնյանի՝ Երևանի պետական համալսարանի դեմ դատական «հաղթանակի» մասին։
Ինքը՝ Սողոմոնյանը, այն անվանել էր «փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ»։ Մեդիա տիրույթում էլ ձևակերպումները շատ արագ դարձան ավելի հստակ ու միանշանակ՝ «դատարանում հաղթել է», «դատարանն ընդունել է» և այլն։
Մի փոքր մանրամասն, սակայն, այդ հաղթական վերնագրերի տակ մնացել էր. դատարանը հայցը բավարարել էր մասնակի։ Մասնավորապես, Սողոմոնյանի՝ պաշտոնում վերականգնվելու պահանջը չէր բավարարվել։
Եվ ահա «հաղթանակի» պատմությունը նոր շարունակություն ունի. Մենուա Սողոմոնյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի դատական ակտը։
Իրավական գործընթացի տեսանկյունից այստեղ արտառոց ոչինչ չկա. կողմը կարող է բողոքարկել դատական ակտի այն մասը, որի հետ համաձայն չէ։
Պարզապես տեղեկատվական տեսանկյունից պատկերը փոքր-ինչ ավելի զվարճալի է ստացվում։
Սկզբում՝ «հաղթեցի դատարանում»։
Այնուհետև՝ «բողոքարկում եմ դատարանի որոշումը»։
Թերևս հենց այս պատմությունն է լավագույնս ցույց տալիս, թե ինչու է դատական գործերի մասին գրելիս «հայցը մասնակի բավարարվել է» իրավական ձևակերպումը երբեմն ավելի ճշգրիտ, թեկուզև շատ ավելի քիչ տպավորիչ, քան «հաղթել է ԵՊՀ-ին» վերնագիրը։
Այժմ արդեն «հաղթանակի» վերջնական չափը կորոշվի դատական գործընթացի հաջորդ փուլերում։
Իսկ մինչ այդ կարելի է արձանագրել՝ օգոստոսին այնքան լայնորեն տարածված հաղթական վերնագրերը, ինչպես պարզվեց, առնվազն վաղաժամ էին։