ԵԽԽՎ զեկույցը արձանագրում է` նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն․ Կոնջորյան

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»:


Քիչ առաջ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:


Զեկույցում, ի թիվս այլ արձանագրումների, նշվում է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բազմազան էին և լավ կազմակերպված: Ընտրողներին տրված էր իրական ընտրություն քաղաքական այլընտրանքների միջև: Դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրության օրվա ընթացքը գնահատվել է չափազանց դրական։


Զեկույցում արձանագրվում է, որ ընտրություններն անցկացվել են աշխարհաքաղաքական չափազանց կարևոր վերադասավորումների պայմաններում:


Ընտրություններն ուղեկցված էին Հայաստանի հանդեպ արտաքին միջամտությամբ, որի մասշտաբները դիտորդները բնորոշել են որպես «աննախադեպ և մտահոգիչ»։


Զեկույցը շեշտում է Հայաստանի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցները և դիվանագիտական ​​կոշտ հռետորաբանությունը՝ ընտրությունների արդյունքներն ուղղորդելու դեպի ընդդիմադիր կամ հակակառավարական կուսակցություններ։


Համաձայն ԵԽԽՎ դիտորդական առաքելության` ընտրությունների օրն անցել է լավ կազմակերպված և հանգիստ մթնոլորտում:


Դիտարկված ընտրական տեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրական գործընթացն արժանացել է դրական գնահատականի այդ թվում կանանց լավ ներկայացվածությամբ ընտրական տեղամասային հանձնաժողովների կազմում:


Քարոզարշավի ընթացքում արտերկրից դիտարկվել են առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների ուղղակի ճնշումներ, որոնց նպատակը, ըստ զեկույցի, ազդելն էր ընտրողների վրա` ընդդիմադիր ուժերի օգտին:


Օտարերկրյա միջամտությունն ու արտաքին տեղեկատվական գործողությունները հասել էին աննախադեպ մասշտաբների՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում:


Ըստ զեկույցի, ընտրությունների արդյունքները վկայում են, որ հասարակությունը դրսևորել է իր ժողովրդավարական կայունությունը՝ չնայած աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին և արձանագրված թերություններին։


ԵԽԽՎ զեկույցը արձանագրում է` նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն։