Ղարաբաղի լուծարման հրամանագրի հոմանիշը թող հիշի՝ խելքին զոռ տալուց առաջ

Լեռնային Ղարաբաղի լուծարման խայտառակ հրամանգիրը ստորագրած ու Հայաստանում առոթ-փառոք պատասպարված, հետո, հանրության կողմից անարգանքի սյունին գամվելուց հետո այդ խայտառակ փաստաթուղթը չեղարկած  Սամվել Շահրամանյանը նորից բարբառել է՝ ինչպես միշտ՝ խելքին զոռ տալով։ Թե՝ այն ճանապարհը, որը  ընտրել է Հայաստանի իշխանությունը և այդ իշխանությունին (այս, հենց այսպես էլ ասել՝ «իշխանությունին») ընտրած ժողովուրդը՝ անհամատեղելի է Արցախ ունենալու հետ»։ Այս «շեդևրալ» միտքը նա հայտնել է՝  լրագրողի հետևյալ  հարցին ի պատասխան՝ «Ղարաբաղի կորստի հարցում հիմնական քաղաքական սխալը ո՞րն եք համարում, Արցախի իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որտե՞ղ սխալվեցին, ինչ որ բան գուցե դուք եք սխալ արել»։ Սեփական ճակատագրական սխալները  նշելու փոխարեն «անսխալական» Շահրամանյանը, փաստորեն, որոշել է գնահատական տալ ՀՀ ժողովրդի ընտրությանը՝ ստացվում է՝ դժգոհելով այդ ընտրությունից ու դրա արդյունքում ձևավորված իշխանությանը։

Նշենք, որ ԼՂ-ում 2023-ի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած «նախագահափոխությունից»՝ ժողովրդի քվեով նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանին գահընկեց անելուց և  «տուն ուղարկելուց» հետո ԼՂ խորհրդարանի կողմից նախագահ կարգվեց Շահրամանյանը։ Նա նախագահ դարձավ այն շրջանում, երբ ԼՂ-ն մոտ 9 ամիս տևած բլոկադայի և բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ էր,  և ԼՂ նախկին նախագահներից ու այլ պաշտոնյաներից կազմված «փոքրիկ խմբակը» պարբերաբար պահանջում էր լեգիտիմ նախագահի հրաժարականը։  Շահրամանյանը եկավ  Ա․ Հարությունյանի «պարտվողական», «զիջողական» քաղաքականությանը վերջ տալու առաքելությամբ, օրեր անց, սակայն, մեկ օր տևած ռազմական գործողություններից հետո ստորագրեց ԼՂ-ն լուծարելու խայտառակ փաստաթուղթը։ Մի առիթով՝ երբ ձերբակալվել էր վերջինիս թիկնապահներից մեկը, Շահրամանյանն ազդարարել էր, թե ՀՀ իշխանությունները փորձում են «կափարիչ դնել» ԼՂ հարցի վրա, այն դեպքում, երբ հենց ինքն է ԼՂ հարցի վրա «կափարիչ» դրածը։  Ավելին՝ ՀՀ-ին նորից պատերազմի մեջ ներքաշելու հարցով  շահագրգռված  արտաքին ուժերի կողմից դիտարկվում է որպես պոտենցիալ «կափարիչ»՝ այս անգամ էլ Հայաստանի Հանրապետության վրա դնելու համար։   


Մի դիտարկում էլ՝ Շահրամանյանի անթաքույց դժգոհությունը ՀՀ ժողովրդի կատարած ընտրությունից բացահայտում է այն վտանգավոր մոլորությունը, խաբկանքը, որում Ղարաբաղի ժողովուրդն է և որը հյուսել  է ՀՀ-ում իշխանությունն ուզուրպացրած ու 20 տարի կառավարած «ղարաբաղյան կլանն» ու նրանց սպասարկող քարոզչամեքենան։ Թե՝ խնդիրը բանակցողի մեջ է։ Հենց երկրում իշխանափոխություն տեղի ունենա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալվի ու մենք նորից վերցնենք «վլաստը»՝ Ղարաբաղի հարցում բեկում կմտցնենք՝ կապահովենք ղարաբաղի ժողովրդի վերադարձը «մեր պատմական հայրենիք»։ և երբ հարցնում ես այս քարոզչության մունետիկներին՝ ինչպե՞ս եք դա անելու, թութակում են՝ դիվանագիտական ճանապարհով, բանակցողին փոխելով, երաշխավորների ինստիտուտի ներդրմամբ։ Իրականությունը, սակայն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունները  առաջնահերթություն էին համարում ԼՂ ժողվորդի ու անվտանգության հարցերի հասցեագրումը՝ միջազգային հանրության հովանու ներքո, ԼՂ տաքգլուխ իշխանությունը, ի մասնավորի՝ խորհրդարանը, ռազմահայրենասիրական հայտարարություններ էր անում ու Արցախի բռնազավթված տարածքների մասին օրենք ընդունում, ազդարարում, թե չի պատրաստվում ապրել Ադրբեջանի ենթակայությամբ՝ ըստ էության վերջնագրային լեզվով խոսելով  Ադրբեջանի իշխանության հետ։ Խնդիրը, սակայն այն է, որ վերոհիշյալ խաբկանքի հեղինակները չեն հստակեցնում՝ ԼՂ ժողովրդի վերադարձը Ղարաբաղ ի՞նչ կարգավիճակով է լինելու՝ վերադառնալու են ու ստանալու Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիությո՞ւն՝ բնակվելով «ԱՀ Ղարաբաղի տնտեսական շրջանում», թե՞ որպես փախստական, վերադառնալու են խաղաղապահ ուժերի առկայությա՞մբ, որը ենթադրում է միջազգային կոնսենսուս այդ հարցում։  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի շուրջ յոթ շրջանները հանձնելու, Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ապագային թողած նախկին ռեժիմը՝ Սամվելշահրամանյաններն էլ ներառյալ, իրականում, զբաղված են վտանգավոր  պոպուլիզմով՝ շահարկում են ղարաբաղի ժողովրդի էմոցիաները՝ նրանց դարձնելով ընտրապայքարի գործիք։ Եթե մի հրաշքով ՀՀ-ում իշխանության գա նախկին իշխանությունը և կամ նրան աֆիլացված որևէ ուժ, ապա 99 տոկոս հավանականությամբ բանակցելու է նույն կետից, նույն պայմաններով, նույն օրակարգի շուրջ, ինչ՝ գործող իշխանությունը։


Հետևապես, Ղարաբաղի վերջին՝ տխրառչակ նախագահը հաջորդ անգամ համատեղելիություններից խոսելուց առաջ թերևս հիշի`դեպքերի ընթացքը  ցույց տվեց, որ մեկ մարդ կա, որը անհամատեղելի էր Արցախ ունենալու հետ, և այդ մեկ մարդը Ղարաբաղի լուծարման հրամանագրի հոմանիշն է։