Սկոպյեում քննարկվել է Մոլդովայից ռուսական զորքերի դուրսբերման հարցը
Սկոպյեում ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում Մոլդովայի արտգործնախարար Նիկու Պոպեսկուն Ռումինիայի արտգործնախարար Լումինիցա Օդոբեսկուի, ինչպես նաև Իսպանիայի, Չեխիայի, Դանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ քննարկել է Մոլդովայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման հարցը, հայտնում է rupor.md-ը։

Պոպեսկուն հայտնել է Մոլդովայի և Ռումինիայի համերաշխությունը Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարցում։ Նա նաև քննարկել է Մերձդնեստրի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը և Մոլդովայի տարածքից ռուսական զորքերի անվերապահ դուրսբերման անհրաժեշտությունը։

«Ես տիկին Օդոբեսկուի հետ ընդգծել եմ Մերձդնեստրյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ շեշտը դնելով մեր տարածքից ռուսական զորքերի անվերապահ դուրսբերման վրա։ Սկոպյեում ես վերահաստատել եմ Մոլդովայի և Ռումինիայի անսասան համերաշխությունը հանուն Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության»,- ասել է Պոպեսկուն։ 

Ուկրաինային և ռուսական ագրեսիայի դատապարտմանը նվիրված միջոցառմանը Պոպեսկուն խոսել է Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի և դեկտեմբերի 14-15-ին Եվրոպական խորհրդում կայանալիք քվեարկության մասին։ Նա ընդգծել է, որ ԵՄ ընդլայնումը շահավետ կլինի ինչպես բուն միության, այնպես էլ այն երկրների համար, որոնք ձգտում են անդամակցության։

Պոպեսկուն երախտագիտություն է հայտնել իր գործընկերներին Մոլդովային աջակցելու համար և ընդգծել Ուկրաինային օգնությունը շարունակելու կարևորությունը, որը պայքարում է ընդհանուր խաղաղության և անվտանգության համար։ Քննարկումների ընթացքում հաստատվել է Մոլդովայի տարածքից ռուսական զորքերի անվերապահ դուրսբերման անհրաժեշտությունը՝ ստեղծելու համար Մերձդնեստրյան հակամարտության խաղաղ կարգավորման պայմաններ։