«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով

«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100․000 դրամով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 12-ին գումարել է հերթական նիստը։


«Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝

  1. 2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:
  2. «ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
  3. «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
  4. «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
  5. «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 37 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց չկայացած հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը (հայտեր չեն եղել)։


Այնուհետև Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ», «ՄԵԴԻԱՔԱՍՏ» և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։


Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթների շրջանակում 2026թ․ հոկտեմբերի 22-ին իրականացրել է «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության «ՑԱՅԳ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հոկտեմբերի 19-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ արձանագրության՝ 2026թ․ հոկտեմբերի 19-ին ժամը 00։04։00-ին հեռարձակված «Կանաչ գիրք» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։


ՀՌՀ-ն որոշեց «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը` տուգանելով 100․000 ՀՀ դրամով։


Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասվումէ  հաղորդագրության մեջ: