Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ ՔԿ

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, դատախազը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:


Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն:


Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում: