Երիտասարդները պետք է մշտապես ներգրավված լինեն քաղաքականության մշակման, բյուջետային և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում. Գրիգորյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:


«Պարո՛ն նախագահող,

Հարգելի՛ գործընկերներ,

Հարգելի՛ երիտասարդ գործընկերներ,


Սոցիալական խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր զեկուցող Ավրորա Ֆլորիդիային՝ այս կարևոր, արդիական և խիստ գործնական զեկույցի համար։


Այս զեկույցում ինձ համար հատկապես կարևոր է այն, որ կլիմայի փոփոխության մասին խոսելիս այն կենտրոնում պահում է մարդուն։ Այս թեմայի շուրջ քննարկումները շատ հաճախ սահմանափակվում են ջերմաստիճանի, արտանետումների մասին խոսելով։ Մինչդեռ յուրաքանչյուր թվի հետևում իրական մարդիկ են՝ գյուղացին, որը հերթական երաշտի առաջ է կանգնած, ընտանիքը, որն օրեցօր ավելի դժվարությամբ է հոգում իր ծախսերը և երեխան, որը տարիներ անց կրելու է այն որոշումների հետևանքները, որոնք մենք կայացնում ենք այսօր։


Եվ այդ հետևանքները բոլորի համար նույնը չեն։ Ավելի սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ շատ հաճախ նաև ավելի անպաշտպան են դրանց առջև։ Հետևաբար, կլիմայական քաղաքականության մասին խոսելիս չենք կարող շրջանցել սոցիալական արդարության հարցը։


Հենց այս առումով է ինձ համար կարևոր զեկույցում առաջ քաշված «բնակության համար պիտանի միջավայրի» գաղափարը։ Եթե ազատությունն ու արժանապատվությունը եվրոպական հիմնարար արժեքներ են, ապա արժանապատիվ և անվտանգ միջավայրում ապրելու հնարավորությունը ևս պետք է լինի մեր քաղաքականության հիմքում։ Որովհետև առանց ապրելու համար բարենպաստ կլիմայի, հասանելի ջրի, մաքուր օդի՝ իրավունքների ու ազատությունների մասին մեր խոսքը կարող է պարզապես մնալ թղթի վրա։


Եվ այստեղ է առաջ գալիս նաև սերունդների միջև արդարության հարցը։ Մենք, ովքեր այսօր որոշումներ կայացնելու հնարավորություն ունենք, չենք կարող մեր երեխաներին թողնել դրանց հետևանքով առաջացած ռիսկերը, վնասներն ու ապագայում դրանք վերացնելու ծախսերը։


Մեզ, իհարկե, անհրաժեշտ են հավակնոտ կլիմայական նպատակներ։ Բայց միայն նպատակներ սահմանելը բավարար չէ։ Անհրաժեշտ են հստակ ժամկետներ, կոնկրետ միջանկյալ քայլեր և եթե տեսնում ենք, որ հետ ենք մնում, մեր գործողությունները վերանայելու և շտկելու պատրաստակամություն։


Klima Seniorinnen-ի գործով վճիռը ևս հենց սա է ընդգծում․ միայն հանձնառություններ ստանձնելը բավարար չէ։ Պետք է հստակ լինի նաև, թե ինչպես ենք դրանք իրականացնելու, և հնարավոր լինի գնահատել՝ արդյո՞ք իրականում առաջընթաց ունենք, թե՞ ոչ։


Այս գործընթացում երիտասարդները պետք է ունենան իրական դերակատարում։ Ոչ թե պարզապես հրավիրենք նրանց համաժողովների, խոսելու հնարավորություն տանք և դրանով համարենք, որ նրանց ձայնը լսել ենք։ Երիտասարդները պետք է մշտապես ներգրավված լինեն քաղաքականության մշակման, բյուջետային և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում։


Մենք պետք է նաև նրանց տանք անհրաժեշտ գիտելիքներ՝ ճանաչելու ապատեղեկատվությունը: Պետք է աջակցենք նրանց նախաձեռնություններին և ստեղծենք հնարավորություններ՝ ունենալու որակյալ աշխատանք։

Կանաչ անցումը պետք է լինի հավակնոտ, բայց միաժամանակ՝ սոցիալապես արդար։ Եվ սա նաև տնտեսական անհրաժեշտություն է։ Զեկույցում ներկայացված տվյալները հստակ ցույց են տալիս, որ եթե այսօր չգործենք, վաղը դրա համար շատ ավելի բարձր գին ենք վճարելու։


Հարգելի՛ գործընկերներ,

Այս քննարկումը հատուկ նշանակություն ունի նաև Հայաստանի համար, որն այս հոկտեմբերին հյուրընկալելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։


Կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստը տարբեր խնդիրներ են, բայց դրանք փոխկապակցված են մի շատ կարևոր հարցում՝ ինչպես պահպանել էկոհամակարգերը, ջրային և բնական ռեսուրսները, որոնցից կախված է մարդու կյանքը։ COP17-ի կարևոր նպատակներից մեկը միջազգային մակարդակով ստանձնած հանձնառությունները գործնական քայլերի վերածելն է։


Եվրոպան ևս պետք է կատարի կարևոր քայլ՝ ճանաչի առողջ շրջակա միջավայրի իրավունքը որպես ինքնուրույն իրավունք և առանց հետագա ձգձգումների մշակի և ընդունի Եվրոպայի խորհրդի շրջանակում իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ։ Այն պետք է նախատեսի արդյունավետ վերահսկողություն և երիտասարդներին տա իրական մասնակցության հնարավորություն։


Եվ վերջում ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որը, կարծում եմ, պետք է վեր լինի մեր քաղաքական տարաձայնություններից։


Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ենք ներկայացնում կամ որ երկիրը, մենք խոսում ենք այն մասին, թե որքան շատ ենք արժևորում մեր երեխաներին ու երիտասարդներին և, իմ համոզմամբ, նաև նրանց, որոնք դեռ չեն ծնվել։


Կլիմայի համար այսօր գործելը հենց այդ հոգատարությունը պատասխանատվության վերածելու ամենակոնկրետ ձևերից մեկն է։


Մեր սերունդը չպետք է հիշվի որպես սերունդ, որը գիտեր խնդրի մասին, ուներ գործելու բոլոր հնարավորությունները, բայց, այնուամենայնիվ, դրա հաշիվը թողեց հաջորդ սերունդներին։


Եկե՛ք նրանց թողնենք ավելի լավ ապագա՝ Եվրոպա, որտեղ հնարավոր կլինի ապրել արժանապատիվ ու անվտանգ, որտեղ կլինեն արդարություն և հնարավորություններ։


Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը։