Ռուսաստանի կառավարությունը 2027 թվականի համար 21%-ով կրճատել է օրենքով սահմանված քվոտան, որը նախատեսված է օտարերկրացիներին ժամանակավոր բնակության թույլտվություն (ԺԲԹ / РВП) տրամադրելու համար՝ 3,802-ից հասցնելով 3,010-ի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կառավարության որոշմանը, միաժամանակ կրճատվել է նաև քվոտայի պահուստային ֆոնդը՝ 1,140-ից հասնելով 900-ի։ Սա այն օրինականացման եղանակներից է, որն օգտագործում են այն օտարերկրացիները, ովքեր ցանկանում են ոչ թե պարզապես մեկնել Ռուսաստան աշխատելու, այլ ստանալ երկրում երկարատև բնակության իրավունք։
Վերջին տարիներին քվոտան կրճատվել է ավելի քան չորս անգամ․ 2023 թվականին այն կազմում էր 13,295 թույլտվություն, 2024-ին՝ 10,595, 2025-ին՝ 5,500, իսկ 2026-ին՝ 3,802։ 2027 թվականի համար Մոսկվային հատկացվել է 500 թույլտվություն, Մոսկվայի մարզին՝ 250։ Միևնույն ժամանակ, Սանկտ Պետերբուրգում քվոտան կրճատվել է կրկնակի՝ 100-ից հասնելով 50-ի, իսկ Լենինգրադի մարզում՝ 50-ից 25-ի։
Ժամանակավոր բնակության թույլտվությունը օտարերկրացուն հնարավորություն է տալիս Ռուսաստանում ապրել երեք տարի ժամկետով և աշխատել առանց աշխատանքային արտոնագրի (արտոնագիր/патент) ձևակերպման՝ որպես կանոն, թույլտվության տրամադրման տարածաշրջանում։ Հետագայում, ԺԲԹ ունեցող անձը, օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում, կարող է ստանալ կացության կարգավիճակ (ВНЖ): Այնուամենայնիվ, քվոտան չի տարածվում բոլոր օտարերկրացիների վրա․ օրինակ՝ Ղազախստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիները կարող են ստանալ ԺԲԹ առանց դրա հաշվառման, իսկ օտարերկրացիների որոշ կատեգորիաներ իրավունք ունեն անմիջապես ձևակերպել կացության կարգավիճակ։ Աշխատանքային միգրանտների մեծ մասն օգտագործում է Ռուսաստանում գտնվելու և աշխատելու այլ հիմքեր, որի պատճառով քվոտայի կրճատումը չի նշանակում օտարերկրացի աշխատողների թվի համամասնական նվազում։
Որոշումն ընդունվել է ռուսական միգրացիոն քաղաքականության հետևողական խստացման ֆոնին։ 2025 թվականի սեպտեմբերին Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, որ իշխանությունները մտադիր են անցնել աշխատանքային միգրացիայի «եկավ – վաստակեց – գնաց» սկզբունքով մոդելին։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանը պարտավոր չէ ապահովել օտարերկրացի աշխատողների ընտանիքների ինտեգրումը։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտպանեց այս դիրքորոշումը՝ հայտարարելով, որ աշխատանքային միգրանտները չպետք է իրենց ընտանիքները բերեն երկիր։
2024 թվականից ի վեր Պետդուման ընդունել է առնվազն 30 օրենք միգրացիոն ոլորտում։ Մասնավորապես, աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների՝ Ռուսաստանում մնալու հնարավորությունը կապվել է եկամտի մակարդակի հետ, իսկ հարկային մարմիններին պարտավորեցրել են ՆԳՆ-ին փոխանցել տեղեկություններ օտարերկրացիների վաստակի վերաբերյալ։ Ռուսաստանում նաև գործարկվել է «վերահսկվող անձանց ռեգիստր»՝ արտաքսման ենթակա օտարերկրացիների համար, իսկ ՆԳՆ նոր միգրացիոն ծառայությունը դատարանի որոշմամբ ստացել է միգրանտների բանկային հաշիվների և գործարքների վերաբերյալ տեղեկատվություն հայցելու իրավունք։