Flydubai ավիաընկերության FZ1073 չվերթի երկրորդ օդաչու Համմամ ալ-Համմամին, ով վթարային կացնով հարձակվել էր ինքնաթիռի հրամանատարի վրա, ոգեշնչված է եղել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններով և պլանավորում էր օդանավն ուղղել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի տերմինալների վրա՝ հնարավորինս շատ մարդ սպանելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սեյֆ ալ-Շամսին, ում հայտարարությունը մեջբերում է The Wall Street Journal-ը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ Օմանի քաղաքացին, ով բնակվում էր Դուբայում, հակվածություն է ցուցաբերել ծայրահեղականությանը 2017 թվականից, երբ սովորում էր Ավստրալիայում։ Նրա վրա ազդեցություն են ունեցել ծայրահեղականների տեքստերն ու առցանց նյութերը։ Ալ-Շամսին նշել է․
«Նա ոգեշնչվում էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններով, և ինքնաթիռի կիրառմամբ նմանատիպ գործողություն իրականացնելու գաղափարը ամուր արմատացել էր նրա մտքում»։
2020-ից 2024 թվականներին ալ-Համմամին աշխատել է Oman Air-ում։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ այնտեղ նրան հեռացրել են թռիչքներից ծայրահեղական հայացքներ ունենալու կասկածանքով։ 2025 թվականի սկզբին նա մի քանի ամսով աշխատանքի է անցել Royal Air Maroc-ում, թեև մարոկկոյական ավիաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ եռամսյա նախնական ուսուցումից հետո մերժել է նրան աշխատանքի ընդունել։ Flydubai նա տեղափոխվել է հունվարին։ Գլխավոր դատախազի փոխանցմամբ՝ օդաչուն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները, և դրանցից որևէ մեկը չի բացահայտել նրա ծայրահեղական հայացքները։
Մինչ հարձակումը, ալ-Համմամին երկու անգամ մեկնել է Թել Ավիվ՝ օդանավակայանն ու երթուղին ուսումնասիրելու նպատակով։ Քննությունը շարունակվում է, այդ թվում պարզվում է՝ արդյոք օդաչուն ունեցել է հանցակիցներ։ Միջադեպից հետո ԱՄԷ-ի և Իսրայելի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է։