Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Չերկասկոյե բնակավայրին ռուսական բանակի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 13-ամյա աղջիկ, ևս չորս մարդ ստացել է վիրավորում։
Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Նրա խոսքով՝ այսօր առավոտյան ռուսական բանակը բնակավայրը հրետակոծել է «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգից՝ կասետային ռազմամթերքի կիրառմամբ։ Արկերից մեկն ընկել է մասնավոր բնակելի տան վրա։
Ֆիլաշկինը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է ամբողջական ընտանիք։
Նա բնակավայրի ուղղությամբ կասետային ռազմամթերքի կիրառումը որակել է որպես քաղաքացիական բնակչության շրջանում հնարավորինս շատ կորուստներ պատճառելու փորձ։