ԶՈՒ-ում բռնի մահվան, ինքնասպանությունների և վատ վերաբերմունքի կանխարգելումը համակարգային բարեփոխումների կարիք ունի․ Անահիտ Մանասյան

Զինված ուժերում բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերը համակարգային բարեփոխումների կարիք ունեն։ ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հոկտեմբերի 14-ին Պաշտպանի նախաձեռնությամբ և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ տեղի ունեցած զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստին այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։


Նա ընդգծել է, որ չնայած իրականացված աշխատանքներին՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ։


Մանասյանը նշել է, որ զինծառայողի մահվան յուրաքանչյուր դեպք խիստ մտահոգիչ է։ Նման դեպքերի կանխարգելումը, նրա խոսքով, պահանջում է շարունակական ու համակարգային աշխատանք, արդյունավետ կանխարգելիչ կառուցակարգերի գործարկում և իրավասու պետական մարմինների հետևողական աշխատանք։


«Համակարգային բարեփոխումների կարիք ունեն զինված ուժերում բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների, վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը»,- նշվում է հաղորդագրությունում։


Պաշտպանն ընդգծել է, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է։ Այդ ուղղությամբ քայլերը պետք է լինեն հայեցակարգային և ներառեն կանխարգելման կոնկրետ մեխանիզմներ։


Մանասյանը կարևորել է նաև համապատասխան դեպքերով քրեական վարույթների պատշաճ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը։


Նիստի ընթացքում քննարկվել են ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասման, բռնության ու վատ վերաբերմունքի հիմնական ռիսկային գործոնները և դրանց կանխարգելման հնարավորությունները։


Անդրադարձ է կատարվել զինված ուժերում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ձևավորմանը, կազմակերպական ու ղեկավարման մշակույթի բարելավմանը, հոգեկան առողջության պահպանմանը և հոգեբանական աջակցության ապահովմանը։ Քննարկվել են նաև խնդիրների վաղ հայտնաբերման ու դրանց պատշաճ արձագանքման մեխանիզմների արդյունավետության հարցերը։


Առանձին ուշադրություն է դարձվել պետական մարմինների համագործակցությանը, անկախ վերահսկողություն իրականացնող կառույցների դերին և միջազգային փորձին։


Մանասյանը կարևորել է պետական մարմինների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների և անկախ մասնագետների հետ շարունակական համագործակցությունը՝ խնդիրները բացահայտելու և դրանց լուծմանն ուղղված քայլեր մշակելու համար։ Նա ընդգծել է, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են։


Որպես խոսնակներ հանդես են եկել ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ Արամ Մինասյանն ու Անդրանիկ Եղոյանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Արթուր Ադամյանը, ռազմական փորձագետ Գրիգոր Սահակյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արա Ղարագյոզյանը։


Ելույթ են ունեցել նաև զինվորականների հոգեկան առողջության մասնագետ Ջոաննա Հարվին՝ Միացյալ Թագավորությունից, հոգեկան առողջության և ինքնասպանությունների կանխարգելման փորձագետ Էկա Չկոնիան՝ Վրաստանից, Եվրոպական զինվորական միությունների կազմակերպության (EUROMIL) նախագահ Էմանուել Ժակոբը, Բելգրադի համալսարանի ավագ գիտաշխատող Լուկա Գլուշացը և այլ փորձագետներ։


Նիստին մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագիտական խորհրդի անդամներ, հայաստանյան և միջազգային մասնագետներ։