Հայաստանը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս հատուկ առաջարկ է ներկայացրել՝ կենսաբազմազանության մշտադիտարկման տեխնոլոգիաների կիրառման, լեռնային էկոհամակարգերի պահպանության, պահպանվող տարածքներից դուրս կենսաբազմազանության ապահովման և դրական տնտեսական խթանների ներդրման վերաբերյալ։
Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ ասուլիսում հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ առաջարկների նպատակն է արագացնել կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացումը։ Մասնավորապես, լեռնային էկոհամակարգերի պահպանության նախաձեռնությունը կարևոր է Հայաստանի համար, քանի որ լեռնային տարածքների միայն 19 տոկոսն է ընդգրկված պահպանվող տարածքներում, մինչդեռ դրանք ապահովում են քաղցրահամ ջրային ռեսուրսների զգալի մասը։
Նախարարն անդրադարձել է նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված տնտեսական խթաններին՝ նշելով, որ այդ ոլորտում ներդրումները կարող են զգալի տնտեսական օգուտներ ապահովել։