Տաջիկստանի նախագահը կիսվել է Երևան այցի մանրամասներով

Հոկտեմբերի 16-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ, ազգի առաջնորդ Էմոմալի Ռահմոնը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում մասնակցել է կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին և հանդես եկել ելույթով։


Ելույթի սկզբում Տաջիկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը՝ գագաթնաժողովի կազմակերպման համար։


Նշվել է, որ կենսաբազմազանության և բնության պահպանությունը Տաջիկստանի կայուն զարգացման և բնակչության բարեկեցության ապահովմանն ուղղված քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։


Էմոմալի Ռահմոնը նշել է, որ այս ուղղությամբ երկիրը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ ազգային առաջնահերթությունները կայուն զարգացման գլոբալ նպատակներին համապատասխանեցնելու, ինչպես նաև անհրաժեշտ իրավական և ռազմավարական հիմքեր ձևավորելու համար։


Նրա խոսքով՝ մինչ օրս Տաջիկստանում ընդունվել է 25 օրենք և մի շարք կարևոր ռազմավարական փաստաթղթեր, այդ թվում՝ մինչև 2040 թվականը կենսաբազմազանության պահպանության և խելամիտ օգտագործման ազգային ռազմավարությունը։


Նշվել է նաև, որ Տաջիկստանը միացել է շրջակա միջավայրին վերաբերող 11 միջազգային կոնվենցիաների, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիան։


Նախագահն ընդգծել է, որ Տաջիկստանը մշտական ուշադրություն է դարձնում անհետացման վտանգի տակ գտնվող բուսական և կենդանական հազվագյուտ տեսակների պահպանությանը։


«Ազգային միջոցառումներին զուգահեռ՝ Տաջիկստանը հատուկ կարևորություն է տալիս միջազգային համագործակցության ամրապնդմանը և հազվագյուտ տեսակների պահպանության հարցում համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնացմանը», — նշել է Էմոմալի Ռահմոնը։


Նա նաև հիշեցրել է, որ Տաջիկստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 24-ը հռչակել է Միջազգային մարքհուրի օրը՝ նպատակ ունենալով նպաստել հազվագյուտ կենդանատեսակների պահպանությանն ու բազմացմանը և դրանց կենսամիջավայրի բարելավմանը։


Ելույթի ընթացքում Տաջիկստանի նախագահն անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում առկա խնդիրներին՝ կարևորելով հազվագյուտ տեսակների մշտադիտարկման և հաշվառման համակարգերի կատարելագործումը։


Նա մասնակիցների ուշադրությունն է հրավիրել նաև կլիմայական խնդիրներին՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունը, բնական միջավայրի դեգրադացումը, հողերի ոչ խելամիտ օգտագործումը և մարդու գործունեության այլ գործոններ բացասաբար են ազդում էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վրա։

«Այս առումով Տաջիկստանը կլիմայի փոփոխությանը հարմարվելը և դրա հետ կապված ռիսկերի նվազեցումը դիտարկում է որպես կայուն զարգացման երկարաժամկետ քաղաքականության անբաժանելի մաս», — հայտարարել է նախագահը։

Էմոմալի Ռահմոնը շեշտել է ջրի, կլիմայի և կենսաբազմազանության ոլորտներում միջազգային ջանքերի համակարգման աճող կարևորությունը։

Նրա խոսքով՝ ավելի քան 25 տարի Տաջիկստանն իր գլոբալ նախաձեռնություններով նպաստել է ջրային և կլիմայական հարցերի առաջմղմանը։ Այդ նախաձեռնությունները, որոնք աջակցություն են ստացել միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից, նպաստել են ջրին առնչվող համաշխարհային նպատակների իրագործմանը, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի շրջանակում։

Նախագահը նշել է, որ «Դուշանբեի ջրային գործընթացի» շրջանակում անցկացվող բարձր մակարդակի միջազգային համաժողովները դարձել են քաղաքական երկխոսության, գործընկերության զարգացման, համատեղ նախաձեռնությունների մշակման և իրականացման, ինչպես նաև ՄԱԿ-ի ջրային համաժողովներին նախապատրաստվելու կարևոր հարթակներ։


Նշվել է, որ 2028 թվականին Դուշանբեում կանցկացվի ՄԱԿ-ի ջրային համաժողովը։ Դրա ընթացքում կամփոփվեն «Ջուրը՝ հանուն կայուն զարգացման» 2018–2028 թվականների միջազգային գործողությունների տասնամյակի իրականացման արդյունքները և կուրվագծվի ջրային ոլորտում միջազգային համագործակցության նոր փուլը։


Էմոմալի Ռահմոնի խոսքով՝ առաջիկա համաժողովի ինտերակտիվ քննարկումների թեմաներից մեկը կլինի շրջակա միջավայրի պահպանությունը, այդ թվում՝ կենսաբազմազանության հարցը։ Նա վստահություն է հայտնել, որ համաժողովի արդյունքները նշանակալի ներդրում կունենան կենսաբազմազանության պահպանության խնդիրների լուծման գործում։


Անդրադառնալով սառցադաշտերի հալման խնդրին՝ նախագահը նշել է, որ Տաջիկստանի սառցադաշտերը, ձնածածկույթը և կրիոսֆերայի մյուս բաղադրիչները ջրային պաշարների ձևավորման ու էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման բնական համակարգի անբաժանելի մասն են։


Նա ընդգծել է, որ Տաջիկստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2025 թվականը հռչակել է Սառցադաշտերի պահպանության միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։ Այս ուղղությամբ կարևոր քայլ է նաև 2025–2034 թվականներն ընդգրկող Կրիոսֆերայի գիտությունների միջազգային գործողությունների տասնամյակի հռչակումը, որն իրականացվում է Տաջիկստանի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնությամբ։


Ելույթի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը համոզմունք է հայտնել, որ Երևանում կայացած գագաթնաժողովը նոր խթան կհաղորդի կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական այլ խնդիրների լուծմանն ուղղված միջազգային համագործակցության ամրապնդմանը։