Գյումրին ձեր փիառի ամբիոնը չէ. Գյումրու ավագանու անդամը` «ուժեղներին»

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ էդգար Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրում է.


Երեկ տեղի ունեցածը մենք ավելի վաղ էինք կանխատեսել։ Բայց անգամ այդ կանխատեսումներով հանդերձ՝ ցավալի է տեսնել, թե ինչպես է «Գյումրու օր» տոնակատարությունը հերթական անգամ վերածվում քաղաքական ինքնագովազդի հնարավորության։


Գյումրու օրը պետք է լիներ գյումրեցու տոնը, ոչ թե ինչ որ մեկի քաղաքական դիվիդենտ հավաքելու միջոցը։


Սակայն, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես «մեր ձևովներն» ու քաղաքի փիառ մենեջերները, փորձեցին գյումրեցու տոնը ծառայեցնել սեփական քաղաքական շահերին։


Դուք «ձեր ձևով» քաղաքական ցինիկներ եք, ձեր ցինիզմի գագաթնակետն այն է, որ հենց դուք եք ուրիշներին մեղադրում քաղաքական դիվիդենտներ շահելու համար։


Հարգելի՛ «մեր ձևովներ» և փիառ մենեջերներ․


մի՛ շփոթեք բարեգործությունը քաղաքական ներդրման, իսկ քաղաքի տոնը՝ սեփական վարկանիշը բարձրացնելու հնարավորության հետ։


Տոն կազմակերպելը ձեզ իրավունք չի տալիս սեփականաշնորհելու գյումրեցու ուրախությունը։


Գյումրին ոչ մեկի քաղաքական սեփականությունը չէ, իսկ գյումրեցին՝ ոչ մեկի քաղաքական նախագծի գործիքը։


Դուք կարող եք կազմակերպել միջոցառումներ, ծախսել գումարներ, զբաղվել ինքնագովազդով, բայց մի բան պետք է լավ հասկանաք, որ Գյումրու արժանապատվությունը չի վաճառվում, գյումրեցու թասիբը չի գնվում, իսկ քաղաքի սերը քաղաքական դիվիդենտներով չի չափվում։


Եվ վերջում՝ մի պարզ ճշմարտություն.


Գյումրու հաշվին քաղաքական կապիտալ չեք կարող կուտակել, զուր ջանքեր են, ձեր փողը ջուրը լցնելու փոխարեն իրական գործով զբաղվեք այնտեղ, որտեղ հերիքում ձեր հնարավորությունը։


Գյումրին ձեր փիառի ամբիոնը չէ։ Փոխեք ձեր պրոդյուսորին, ի վնաս ձեզ է աշխատում։