COP17-ի «Կանաչ գոտում» տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված դպրոցական սննդին և կենսաբազմազանությանը

COP17-ի «Կանաչ գոտում» այսօր տեղի է ունեցել «Երիտասարդները՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժ. դպրոցական սնունդ և կենսաբազմազանություն» ինտերակտիվ քննարկումը։ Այն համատեղ կազմակերպել էին ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկը։


Դպրոցականներն ու ուսանողները ներկայացրել են, թե ինչպես է «Դպրոցական սնունդ» ծրագիրը դառնում կենսաբազմազանության մասին կրթության հարթակ՝ ափսեից մինչև այգի, այգուց մինչև համալսարանական լաբորատորիա։


«Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականին՝ ՊՀԾ-ի աջակցությամբ, իսկ 2023 թվականից ամբողջությամբ ազգայնացվել է և ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Այսօր ծրագիրը հանրապետության բոլոր 10 մարզերում ամեն օր առողջ սնունդ է ապահովում տարրական դասարանների ավելի քան 104 հազար աշակերտի համար։