18 և 19 տարեկան երիտասարդները մեքենայի մասեր են շորթել. նրանք ձերբակալվել են

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողների ինքնությունը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։


«Համայնքային ոստիկանները, համագործակցելով Արագածոտնի մարզի պարեկների հետ, հոկտեմբերի 18-ին մայրաքաղաքի Ադոնցի փողոցում հայտնաբերել, շորթում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Եղվարդի բնակիչ 18-ամյա երիտասարդին։


Մայրաքաղաքի քրեական ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրա հանցակից Ալավերդու 19-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է Արամ Խաչատրյան փողոցում։


Ոստիկանները պարզել են, որ երիտասարդները նմանատիպ գործողություններ են կատարել նաև այլ մեքենաներից։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։