ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է սեղմ ժամկետներում ավարտել Իրանի դեմ պատերազմը կամ շարունակել տնտեսական ճնշումը՝ թույլ տալով, որ այդ երկիրն էլ ավելի թուլանա։
ԱՄՆ ղեկավարը Իրանը բնութագրել է որպես անկայուն պետություն, որը պայքարում է բարձր ինֆլյացիայի և ֆինանսական միջոցների սուր պակասի դեմ։
Թրամփի խոսքով՝ ամերիկյան ծովային շրջափակումն արդյունավետորեն խոչընդոտում է իրանական նավթի արտահանմանը, մինչդեռ այլ երկրների նավերի համար Հորմուզի նեղուցով անցնող ճանապարհը բաց է։
«Հարցն այն է, թե արդյոք Վաշինգտոնը պե՞տք է փորձի արագ ավարտին հասցնել պատերազմը, թե՞ թույլ տա, որ հակամարտությունն աստիճանաբար մարի։ Մենք կարող ենք շատ արագ ավարտել այն, սակայն Իրանը մի երկիր է, որը գտնվում է փլուզման եզրին։ Նրանք փող չունեն։ Հարցն այն է՝ ցանկանո՞ւմ ենք գործը հասցնել ավարտին, թե՞ թույլ տանք, որ իրավիճակը շարունակվի նույն ոգով, որպեսզի նրանք աստիճանաբար սպառվեն»,- հայտարարել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն շրջափակման միջոցով արդեն հասել է իր առջև դրված նպատակներին՝ հավելելով, որ ներկայում նեղուցով ավելի շատ նավթ է փոխադրվում, քան նախապատերազմական շրջանում։