Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս․ Ավանեսյանը՝ Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար:


Մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության:


Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:


Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք:


Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։


Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը:


ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են: