«Շատ ափսոսում եմ, որ տիկին Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ լինեմ, բայց առնվազն կարծես թե հակահերոսն եմ և կշարունակեմ լինել, ինչը ինձ սփոփում է»,- այսօր Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի ընտրությանն առնչվող հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ տիկին Հարությունյանի ելույթում ինքը ստացավ իր նախորդ ելույթում ունեցած բոլոր թեզերի պատասխանները և ապացույցները. «Հատկապես խիստ քաղաքական գործունեությամբ զբաղվելու հայտը՝ ի հեճուկս այն հայտարարությունների, թե այդպիսի բան չկա: Այսինքն՝ դժվար է ասել, էլի, որ մածունը սև է. եթե քաղաքական ելույթ ես ունենում, ուրեմն քաղաքական ելույթ ես ունենում»:
«Տիկին Հարությունյան, մենք հավանաբար կհանդիպենք դատարանում այն զրպարտանքի համար, որ դուք այստեղից հնչեցրիք: Ցավք սրտի, օրենսդրությունը չի նախատեսում այս զրպարտանքի չափով հայցադիմում՝ 350 մլն դրամի, բայց օրենքով սահմանված չափով այդ հայցադիմումը կլինի»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը:
Այնուհետև պատգամավորն անդրադարձավ Ալավերդում տեղի ունեցած ավագանու նիստին, որի ժամանակ, ինչպես նշեց նա, ընտրվել է համայնքի նոր ղեկավար՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան: