Երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները

Կառավարության հոկտեմբերի 29-ի որոշմամբ՝ երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։


Մասնավորապես Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց աջակցության ծրագրի շահառուները կշարունակեն աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի հունիս ամիսը ներառյալ։ 2027 թվականի հունվարից մարտը ներառյալ աջակցության չափը կկազմի ամսական 30 հազար դրամ, իսկ 2027 թվականի ապրիլից հունիս ամիսները ներառյալ՝ 15 հազար դրամ։ 2026թ․ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է շուրջ 46 հազար անձ։


Նշենք, որ այս միջոցառման շրջանակում առանձին խումբ են դիտարկվում՝


  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խոր կամ ծանր աստիճան ունեցող անձինք,
  • 63 և ավելի տարեկան անձինք,
  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք,
  • հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք,
  • մինչև 18 տարեկան երեխաները։

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառման ժամկետը ևս կերկարաձգվի․ շահառուները կշարունակեն 40+10 հազար դրամ աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2026թ․ հոկտեմբեր ամսին աջակցություն է տրամադրվել 8600 ընտանիքի։


Ծրագրի շահառուներն են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55 հազար դրամից․ մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։


Ղարաբաղից տեղահանված անձինք հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից դրանցով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։