ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը։


Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։

«Հոկտեմբերի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է IN Groupe և «ՀայՓաս» ընկերությունների ղեկավար կազմին IN Groupe ընկերության ֆինանսական տնօրեն Դունիա Էլ-Հասնաուի գլխավորությամբ։

867381007_1153136137673361_2015635338425377934_n.jpg (238 KB)

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանում կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման ծրագրի ռազմավարական նշանակությունը։

Նախարարը նշել է, որ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության այս առաջին ծրագիրը կարևոր քայլ է պետական ծառայությունների արդիականացման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

872987649_1112136071543133_5682269638540919580_n.jpg (266 KB)

IN Groupe ընկերության ֆինանսական տնօրեն Դունիա Էլ-Հասնաուն շնորհակալություն է հայտնել վստահության և արդյունավետ գործընկերության համար՝ ընդգծելով, որ ընկերությունը շարունակելու է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ծրագրի հաջող իրականացումն ու քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով։

867192568_1290255659911580_8406623767612619597_n.jpg (164 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանային անցակետերում e-gate՝ սահմանահատման ավտոմատացված համակարգերի ներդրման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ներդնել համապատասխան համակարգերը, որոնք կապահովեն սահմանահատման առավել արագ, հարմարավետ և անվտանգ գործընթաց։

Հանդիպման ավարտին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի անկախ փորձագիտական ընկերության կազմած հաշվետվությունը։

865470804_3468718066664379_8321142456914067566_n.jpg (271 KB)

Փաստաթղթով հավաստվում է, որ կողմերը պատշաճ կերպով կատարել են ստանձնած ներդրումային պարտավորությունները և պատրաստ են ծրագրի գործառնական փուլի մեկնարկին»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։