Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Գագիկ Խաչատրյանը և իր եղբորորդի Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։
Մեղադրող դատախազը հանդես է եկել Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությամբ։ Ըստ մեղադրողի՝ քրեական գործը դատարան է ուղարկվել դեռևս 2020-ի օգոստոսին, այս տարվա ընթացքում նշանակվել է 14 դատական նիստ, որոնք չեն կայացել։ Ընդ որում, հիշատակված նիստերից 12-ը հետաձգվել են ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ, 1 նիստ՝ նշանակված 09.06.2023թ., պաշտպան Երեմ Սարգսյանի չներկայանալու պատճառով և 1 նիստ՝ նշանակված 22.11.2023թ. ամբաստանյալների կողմից հարցաքննությանը պատրաստ չլինելու պատճառով․ «Սույն գործի դատաքննության ընթացքում արդեն կանխատեսելի դարձած մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի նմանօրինակ դատավարական վարքագծի դրսևորումը միտված է բացառապես դատական նիստերին չներկայանալուն և դատական նիստերն անվերջ ձգձելուն»։
Ըստ դատախազի փաստական տվյալները հիմք են տալիս հաստատված համարելու համար հետևյալ հանգամանքները. «Մեղադրյալ Գագիկ Խաչատրյանը դատական նիստերին չի ներկայացել վատառողջ լինելու կամ որևէ բուժհաստատություն դիմելու պատճառաբանությամբ՝ հիմնականում ներկայացնելով հենց դատական նիստերի կամ դրան նախորդող օրերին բժշկական հաստատություններ դիմելու և հետազոտվելու վերաբերյալ տեղեկություններ: Հատկանշական է նաև այն, որ որոշ դատական նիստեր նշանակված են եղել ժամանակագրային առումով բավականին մեծ միջակայքի պայմաններում, մինչդեռ Գագիկ Խաչատրյանը հենց դատական նիստերի կամ դրան նախորդող օրերի ընթացքում է դիմել բժշկական հաստատություններ և, ստանալով այդ հանգամանքը հավաստող տեղեկանքներ և դրանք պաշտպանների միջոցով ներկայացնելով դատարանին, ապահովագրել է իրեն նախապես նշանակված դատական նիստերին չներկայանալն անհարգելի համարելու հանգամանքը: Ընդ որում, գրեթե բոլոր դեպքերում մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի մոտ հիմնականում ախտորոշվել են այն նույն հիվանդությունները, որոնց վերաբերյալ նույնաբնույթ փաստաթղթեր պաշտպանության կողմից արդեն իսկ ներկայացված են եղել կամ դրանց վերաբերյալ առկա են համապատասխան դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններ: Ուշագրավ է հատկապես այն, որ այս ամբողջ ժամանակահատվածում Գագիկ Խաչատրյանը ստացիոնար եղանակով բժշկական օգնություն չի ստացել:
Մեջբերված փաստական տվյալները հիմք են տալիս հիմնավոր պնդումներ կատարելու առ այն, որ սույն քրեական գործի դատաքննության ընթացքում արդեն կանխատեսելի դարձած մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի նմանօրինակ դատավարական վարքագծի դրսևորումը միտված է բացառապես դատական նիստերին չներկայանալուն և դատական նիստերն անվերջ ձգձգելուն, հետևաբար՝ նրա դրևսորած վարքագիծն անհրաժեշտ է գնահատել համակցության մեջ և նախորդ դատական նիստերին վերջինիս չներկայանալն անհրաժեշտ է գնահատել անհարգելի: Քրեական գործով մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի չփոփոխելն ուղղակիորեն հանգեցրել է նրան, որ մեղադրյալն իր վարքագծով ակտիվորեն խոչընդոտներ է ստեղծում վարույթի բնականոն ընթացքի համար, որոնք հանգեցրել են սույն հանրային հնչեղություն ստացած քրեական գործի քննության ողջամիտ ժամկետների այնպիսի ձգձգումների, որոնք ոչ միայն կարող են վնաս հասցնել արդարադատության շահերին, այլև խաթարել արդարադատության նկատմամբ հասարակության վստահությունը և չարդարացնել հանրության սպասելիքները՝ կապված սոցիալական արդարությունը վերականգնելու, հանցավոր ոտնձգություններին արդյունավետորեն հակազդելու պետության կարողությունների նկատմամբ:
Մեղադրող դատախազն ամփոփելով իր խոսքը նշեց․ «Պետք է փաստել, որ մեղադրյալ Գագիկ Խաչատրյանն արդեն տևական ժամանակ՝ շուրջ 1 տարի, պարբերաբար դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, խոչընդոտում է դատարանում գործի քննությանը՝ առանց հարգելի պատճառների պարբերաբար չի ներկայանում դատարան, իսկ ներկայանալու դեպքում՝ վատառողջ լինելու ձևականացման միջոցով խոչընդոտում է դատարանում գործի քննությանը: Նման պայմաններում գտնում եմ, որ ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառված գրավը և դրա հետ համակցված չհեռանալու մասին ստորագրությունն ի զորու չեն ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը, ուստի միջնորդում եմ փոփոխել ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները և վերջինիս նկատմամբ ընտրել առավել պիտանի խափանման միջոց՝ կալանավորումը»:
Գագիկ Խաչատրյանը դատարան ներկայացել էր ստացիոնար բուժհաստատությունից՝ շտապօգնության ուղեկցությամբ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը, որը Գագիկ Խաչատրյանի հիվանդությունների մասին մեծ տրցակով էր ներկայացել, հերթով սկսեց թվարկել Խաչատրյանի առողջական խնդիրները և նշեց, որ Խաչատրյանի բուժումը Հայաստանում հնարավոր չի․ «Գագիկ Խաչատրյանի հարազատները դիմել էին նրան վիրահատած բժշկին՝ պրոֆեսոր Միլսին, որպեսզի գա ՀՀ ու փորձի ինչ-որ բան անել։ Պրոֆեսորը նշել է, որ անհնար է ՀՀ-ում նման վիրահատություն անելը, որպեսզի կյանքի համար վտանգ չհանդիսանա»։
Ըստ պաշտպանի Խաչատրյանի հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել հետևյալ հիվանդությունները․ «Նյարդաբանական դեֆիցիտը խորացել է, առկա է ստորին վերջույթների թուլություն, դժվարություններ քայլքի հետ կապված, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում, սենսիտիվ ատաքսիայի երևույթներ, որոնք լրջորեն սահմանափակում են հիվանդի ինքնուրույն տեղաշարժը, շարժունակությունը և ավելացնում են վայր ընկնելու ռիսկը, ինչպես նաև նյարդային համակարգի համընդհանուր աշխատանքը ու միզապարկի կառավարումը…»։
Ըստ Սարգսյանի Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է շուտափույթ վիրահատում։ Փաստաբանը կրկին միջնորդություն ներկայացրեց թույլատրել Խաչատրյանին մեկնել արտասահման՝ անհապաղ վիրահատության ենթարկվելու անհրաժեշտությամբ։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, դատական նիստն ընդմիջվեց։